Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի


 Ծաղրանկարի հեղինակ՝ Սաբիթ Կուրմանբեկով, Ալմաթի
Ծաղրանկարի հեղինակ՝ Սաբիթ Կուրմանբեկով, Ալմաթի

Առաջարկվում է Բելառուսի նախագահին տալ 5 տարվա փոխարեն 7 տարի իշխելու իրավունք, խորհրդարանի լիազորությունների ժամկետն էլ երկարաձգել 1 տարով՝ դարձնելով 5 տարի

Բելառուսում նախագահ Լուկաշենկոյի աջակիցներն առաջարկում են փոխել երկրի Սահմանադրությունը՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար: Լիբերալ-դեմոկրատների՝ այսօր տարածած հայտարարության համաձայն, կուսակցությունն այդ նպատակով սահմանադրական հանրաքվե է նախաձեռնել, որն անցկացվելու է 2018 թվականին՝ տեղական ընտրությունների հետ միաժամանակ:

Ըստ այդմ, առաջարկվում է Բելառուսի նախագահին տալ 5 տարվա փոխարեն 7 տարի իշխելու իրավունք, խորհրդարանի լիազորությունների ժամկետն էլ երկարաձգել 1 տարով՝ դարձնելով 5 տարի: Առաջարկվում է նաև փոխել Ազգային ժողովի ընտրակարգը՝ 100 տոկոսանոց մեծամասնականից անցնելով խառը՝ նաև համամասնական համակարգի:

«Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ամրապնդել Բելառոսի քաղաքական դաշտը, կնպաստեն ժողովդրավարության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը»,-հայտարարում է Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը համարվում է 1994 թվականից ի վեր նախագահական բոլոր ընտրություններում հաղթող Լուկաշենկոյի ամենահավատարիմ աջակից ուժերից մեկը;

Սա երկրի Սահմանադրության փոփոխման երկրորդ փորձն է՝ 20 տարի առաջ էլ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկած փոփոխություններով երկրի նախագահի լիազորություններն ընդարձակվեցին՝ նրան տալով բոլոր նախարարներին, դատախազին, դատավորներին ու Կենտրոնական բանկի ղեկավարին միանձնյա նշանակելու և աշխատանքից ազատելու իրավունք:

Ի դեպ, Եվրասիական միության անդամ մեկ այլ երկրում՝ Ղազախստանում էլ այսօր խորհրդարանի պատգամավորներն առաջարկելեն մայրաքաղաք Աստանան վերանվանել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով: Նախաձեռնողներից մեկը՝ երկրի խորհդարանի ստորին պալատի պատգամավոր Քանիշ Սուլթանովը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է՝ «Սա տարածբած պրակտիկա է համաշխարհային պատմության մեջ, և Ղազախստանի ժողովուրդն արժանի է ունենալ մայրաքաղաք, որը կկոչվի իր առաջին նախագահի ու քաղաքի հիմնադրի անունով»: Հաղորդվում է, որ օրենսդիր մարմնում նախաձեռնությունը շատերն են ողջունել, տարակարծություններն առայժմ միայն մեկ հարցի շուրջ են՝ մայրաքաղաքը կոչել Նուսուլթա՞ն, թե Նազարբաև:

«Ամեն դեպքում, վստահ եմ՝ որոշումը կկայացվի մինչև դեկտեմբերի 16-ը՝ Ղազախստանի անխաության 25-ամյակը»,- հայտարարել է պատգամավոր Պավել Կազանցևը․ ընդգծելով՝ «Ձգձգելու իմաստ չկա»: Սահմանադրական խորհրդի ղեկավարն էլ չի բացառել, որ Ղազախստանում ևս կարող է հանրաքվե անցկացվել և Սահմանադրության նախաբանում ամրագրել Նուրսուլթան Նազարբաևի «անփոխարինելի ավանդը ժողովրդավար, իրավական ու աշխարհիկ պետության կայացման գործում»:

Նուրսուլթան Նազրաբաևը Ղազախստանի առաջնորդն է 1990 թվականից ի վեր և այս պաշտոնում իր երկարակեցությամբ գերազանցել է հետխորհրդային տարածքի բոլոր նախագահներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG