Երեքշաբթի օրը «Նյու Յորք Թայմսի» մի խումբ թղթակիցների հետ զրույցում Թրամփը, առանց մանրամասներ հաղորդելու, փոխանցել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Շարունակելով արտաքին քաղաքականության թեման՝ Թրամփը բավական ընդհանրական է խոսել: Նա հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չպետք է մյուս ազգերին սովորեցնի, թե ինչպես ապրել՝ կրկնելով նախընտրական շրջանում հնչեցրած հայտարարությունը, որ Իրաքի պատերազմը Միացյալ Նահանգների պատմության ամենամեծ սխալներից մեկն է:
Նա նաև հայտարարել է, որ շատ «հստակ և հզոր» գաղափարներ ունի Սիրիայում վեցերորդ տարին շարունակվող դաժան քաաղաքացիական պատերազմին վերջ տալու ուղղությամբ՝ կրկին չարձագանքելով դրանք մանրամասնելու՝ լրագրողների համառ խնդրանքին:
«Մենք պետք է վերջ տանք Սիրիայում շարունակվող այդ խելահեղությանը», - ընդամենը նշել է նա:
Ինչպես նկատում են ամերիկացի վերլուծաբանները, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված միլիարդատեր Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը վերջին շաբաթներին էական փոփոխությունների է ենթարկվել: Եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, թե Օբամային համարում է ամերիկյան պատմության ընթացքում ամենավատ նախագահը, ապա «Նյու Յորք Թայմսի» թղթակիցների հետ զրույցում նա խոստովանել է, թե հեռացող նախագահը ծանոթության ընթացքում իրեն դուր է եկել: Իր մրցակից Հիլարի Քլինթոնին հանրապետական Թրամփը պատրաստվում էր բանտ ուղարկել, սակայն ընտրվելուց հետո ասում է, թե որոշել է չվերսկսել էլեկտրոնային նամակների հարցով սկանդալի հետաքննությունը, քանի որ դա կարող է պառակտել երկիրը:
«Ես չեմ ուզում տառապանք պատճառել Քլինթոններին», - հավելել է նա:
Ի դեպ, ամերիկյան այս պարբերականի նկատմամբ Թրամփը ընդգծված բացասական վերաբերումնք ունի և բազմիցս հայտարարել է այդ մասին: Նրա համոզմամբ, «Նյու Յորք Թայմսը» անաչառ չէր լուսաբանում իր նախընտրական քարոզարշավը, ավելին՝ ստահոդ տեղեկություններ էր տարածում: