Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ապօրինի է համարում ռուս-աբխազական միացյալ զորախմբի ստեղծումը


Ռուսաստանյան զինուժին պատկանող տանկեր՝ Վլադիկավկազի մատույցներում, արխիվ
Ռուսաստանյան զինուժին պատկանող տանկեր՝ Վլադիկավկազի մատույցներում, արխիվ

Ըստ պայմանագրի՝ միացյալ զորախմբի նպատակն է՝ դիմակայել արտաքին վտանգներին:

Վաշինգտոնն ապօրինի է համարում զորքերի միացյալ խմբի ստեղծման մասին Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված պայմանագրի վավերացումը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք դեմ ենք դե ֆակտո Վրաստանի մաս կազմող տարածքի առաջնորդների և Ռուսաստանի միջև կնքված այդ պայմանագրին։ Մենք այդ, այսպես կոչված, պայմանագիրն օրինական չենք համարում: Այն միջազգային իրավունքի նորմերին չի համապատասխանում»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը։ Նա Ռուսաստանից պահանջել է վերանայել Աբխազիան և Հարավայաին Օսիան որպես անկախ պետություններ ճանաչելու մասին որոշումը։

Փաստաթղթում նշված է, որ միացյալ զորախմբի նպատակն է՝ դիմակայել արտաքին վտանգներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն ստորագրել է մեկ տարի առաջ։ Միացյալ խմբում ռուսական կողմից ներգրավված են Գուդաութիում տեղակայված 7-րդ ռազմաբազան, որտեղ, տարբեր տվյալներով, ծառայում է շուրջ չորս հազար զինվորական:

Աբխազական կողմից միացյալ խմբում ներգրավված է երկու մոտոհրաձգային գումարտակ, հրետանային և ավիացիոն խմբեր և հատուկ նշանակության մեկ ջոկատ։ Խաղաղ ժամանակ միացյալ խմբի հրամանատարը ռուսական ռազմաբազայի ղեկավարն է, իսկ ռազմական գործողությունների ժամանակ, ըստ փաստաթղթի, միացյալ զորախմբի հրամանատար է նշանակում Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Մոսկվան Աբխազիայի և Հարվային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականի օգոստոսի 28-ին, ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո։ Վերջին ութը տարիներին Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում վերանայել նշված երկու կազմավորումների անկախությունը ճանաչելու մասին որոշումը։

Ժամանակ առ ժամանակ քննարկումների առարկա է դառնում նաև Հարավային Օսիայի և Ռուսաստանի մաս կազմող Հյուսիսային Օսիայի՝ Ռուսաստանի կազմում միավորվելու թեման։ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Աբխազիան և Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի տարածքներ։ Հիշեցնենք՝ Ռուսաստանը միացյալ զորախումբ ստեղծելու մասին պայմանագիր է կնքել նաև Հայաստանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG