Մատչելիության հղումներ

Մի շարք աղմկոտ հայտարարություններից հետո Քանյե Ուեսթը հիվանդանոց է տեղափոխվել


Քանյե Ուեսթի անակնկալ ելույթը Երևանում, 13-ը ապրիլի, 2015 թ․
Քանյե Ուեսթի անակնկալ ելույթը Երևանում, 13-ը ապրիլի, 2015 թ․

Երգչին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա մոտ ախտորոշվել է գերհոգնածություն և սթրես:

Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը հիվանդանոց է տեղափոխվել՝ մինչ այդ չեղյալ հայտարարելով ավելի քան 21 համերգ: Երգչին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ նրա մոտ ախտորոշվել է գերհոգնածություն և սթրես: Ոստիկանությունից «Ասոշիեյթեդ պրես»-ին հաղորդել են, որ Ուեսթը նյադաբանական բաժանմունքում է, որտեղ, ամենայն հավանականությամբ, կմնա նաև այս գիշեր:

Պաշտոնական աղբյուրներն ու Ուեսթի հարազատները, այդ թվում կինը՝ Քիմ Քարդաշյանը, առայժմ այս տեղեկությունները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են: Հայտնի է միայն, որ Քարդաշյանը երեկ չի ներկայացել Նյու Յորքում նախատեսված հրապարակային միջոցառմանը, որը պետք է նրա առաջին բեմելը լիներ Փարիզում ավազակային հարձակման ենթարկվելուց ու կողոպտվելուց հետո:

Ավելի վաղ՝ անցած շաբաթ, հանրահայտ ռեփերը մի քանի անգամ հայտնվել էր մամուլի առաջին էջերում՝ համերգի ժամանակ արած իր աղմկահարույց ու ագրեսիվ հայտարարություններից հետո: Մասնավորապես, Սան Խոսեում Ուեսթն աջակցել էր ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, թե նրա քարոզարշավը հանճարեղ էր, ինչին դահլիճը սուլոցներով էր արձագանքել:

Ուրբաթ օրն, արդեն Սակրամենտոյում, Ուեսթը մեկուկես ժամ ուշացումով էր ներկայացել համերգին, ապա չորս երգ կատարելուց հետո՝ հեռացել: Մինչ այդ, տասը րոպե շարունակ, նա քննադատել է Բեյոնսեին, նրա ամուսնուն, Հիլարի Քլինթոնին, Մարկ Ցուկերբերգին, Թեյլոր Սվիֆտին ու լրատվամիջոցներին:

«Մինչև հիմա չեք հավատում, որ Հիլարին պարտվե՞լ է, պատճառն այն է, որ «Գուգլ»-ը ստել է, որովհետև Մարկ Ցուկերբերգը ձեզ խաբել է»,- ասել է Ուեսթը՝ բեմից մարտահրավեր նետելով Բեյոնսեի ամուսնուն՝ ռեփեր Ջեյ Զիին՝ «Ջեյ Զի, գիտեմ, որ կարող ես սպանել ինձ, բայց պարզապես զանգիր, տղամարդու պես խոսենք»: Ապա Ուեսթը կրկնել է Դոնալ Թրամփի հայտնի կարգախոսը՝ «Սա է ապագան, սա է Ամերիկան կրկին գերտերություն դարձնելու ճանապարհը»:

Ռեփերի մենեջերներն ու պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում՝ ո՞րն է այս հարձակումների և մինչև տարեվերջ նախատեսված 21 համերգներն անակնկալ չեղարկելու պատճառը: Հաղորդվում է միայն, որ անցած շաբաթ և կիրակի Ուեսթն «Ինստագրամ»-ի իր էջը ողողել է նորաձևությանն առնչվող ավելի քան հարյուր լուսանկարներով, որոնց մեծ մասը, սակայն, ըստ «Ասոշիեյթեդ պրես»-ի, անորակ ու վատ տեսանելի է եղել:

Ուեսթը, ով ամերիկյան շուոբիզնեսի ամենահայտնի աստեղերից է, բազմիցս է աչքի ընկել աղմկահարույց ելույթներով: Ավելի վաղ նա հայտարարել էր, թե պատրաստվում է առաջադրվել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG