Մատչելիության հղումներ

Գերմանիայի դեսպանը գովեստով է խոսում նոր Ընտրական օրենսգրքի մասին


Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլեր, 22-ը նոյեմբերի, 2016 թ․
Հայաստանում ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլեր, 22-ը նոյեմբերի, 2016 թ․

Գերմանիան ցանկանում է ֆինանսավորել 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընտրողների նախագրանցման համակարգի ներդրումը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։ Ըստ նրա, այժմ ընթանում են բանակցություններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են ամբողջ հանրապետությունում ներդնել այդ մեխանիզմը։

«Խոսքը վերաբերում է մատնահետքերը ճանաչող այն էլեկտրոնային սարքին, որը տեղադրվելու է տեղամասերում ու հնարավորություն է տալու՝ բացառել կրկնաքվեարկությունը։ Այժմ այն շահագրգիռ կողմերի հետ, ովքեր ցանկանում են ներդնել այս համակարգը, ընթանում են բանակցություններ, թե ինչպիսի ծրագիր կարող է մշակվել այն կյանքի կոչելու համար»,- ասաց դեսպանը։

Բանակցությունները հավանաբար ընթանում են Կառավարության ու ՄԱԿ-ի հետ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ծրագրի ընդհանուր արժեքն 9 միլիոն եվրո է, որից Գերմանիայի մասնաբաժինը կես միլիոն է կազմում։ Զուրաբյանը նաև պարզաբանում է՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար ոչ թե մատնահետքեր են վերցնելու, այլ ընտրության օրը տեղամասերում փաստաթղթային նույնականացմամբ են ստուգելու։

«Իդենտիֆիկացիան լինելու է փաստաթղթով, ոչ թե մատնահետքով է որոշվելու՝ էդ մարդը կարո՞ղ է քվեարկել, թե ոչ: Համեմատվելու է բազայի հետ և քվեարկելու իրավունք է տրվելու, եթե փաստաթուղթը պարունակում է այն տվյալները, որոնք կան այդ բազայում»,- ասում է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Զուրաբյանի կործիքով, ներդրվող մեխանիզմները կաշխատեն, եթե ամեն ինչ լինի ըստ նախատեսվածի՝ փաստաթղթային բազան աուդիտի ենթարկվի, ապա՝ բաժանվի տեղամասերին:

Գերմանիայի դեսպանն այսօր դրական գնահատեց Հայաստանի նոր Ընտրական օրենսգիրքը: Ըստ Քիսլերի, այն կարող է ապահովել թափանցիկ և արդար ընտրությունների անցկացում։ «Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի են ունեցել բավականին լուրջ քննարկումներ, արդյունքում՝ նաև փոփոխություններ։ Ինձ համար դրական առումով զարմանալի էր, որ լայն համաձայնություն ձևավորվեց կառավարության և ընդդիմադիր դաշտի մեծ թվով կուսակցությունների միջև»,- ասաց դեսպանը:

Նա մեծ առաջընթաց է համարում ընտրություններին մասնակցած անձանց ստորագրված ցուցակների հրապարակումը: Նոր օրենսգիրքը, դեսպանի բնորոշմամբ, մեծ քայլ է կառավարության և ընդդիմության, նաև՝ կառավարության և հասարակության փոխհանդուրժողականության ճանապարհին։

Տնտեսության զարգացման համար էլ Հայաստանն ընտրել է մի ճանապարհ, որով շարժվելու ընթացքում կարևոր գործընկեր է հանդիսանում Եվրամիությունը՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի նախապատրաստմանը, ասաց Քիսլերը: Թե երբ կստորագրվի փաստաթուղթը, նա հստակ ժամկետներ չնշեց, բայց վստահեցրեց, որ բանակցությունները հաջողությամբ ընթանում են, հաջորդ հանդիպումն էլ նախատեսված է դեկտեմբերին։

«Բանակցություններում նկատելի է զգալի առաջընթաց։ Թե երբ կյանքի կկոչվի կամ կստորագրվի համաձայնագիրը, ոչինչ ասել չեմ կարող, բայց Հայաստանի կառավարության կողմից ազդանշան կա, որ այն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի 2017-ի գարնանը»,- ասաց գերմանացի դիվանագետը։

Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերն է Ռուսաստանից ու Չինաստանից հետո: Գերմանացի ներդրողները, սակայն, չեն շտապում համալրել Հայաստանի գործարար շրջանակը։ Ըստ Մաթիաս Քիսլերի, այստեղ խոչընդոտները շատ են, սկսած՝ ղարաբաղյան հակամարտությունից մինչև հարկային ու մաքսային վարչարարությունը, նաև դատական համակարգի թերությունները։

«Մենք ծանոթացել ենք Կառավարության նոր ծրագրին, հանդիպել ենք նաև նոր վարչապետի հետ։ Կարծում եմ՝ ներկայիս կառավարությունը գիտակցում է, թե որոնք են այն առաջնահերթությունները, որոնք պետք են երկրում արմատական տնտեսական փոփոխություններ իրականացելու համար, և թե որ ուղղություններով պետք է կառավարությունն աշխատի։ Ես ավելի շուտ բաժակը տեսնում եմ կիսով չափ լի, քան կիսով չափ դատարկ»,- պատկերավորեց դեսպանը։

Հունվարի 1-ին ավարտվում է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամկետը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նորություններ կան Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների հետ կապված, և ի՞նչ է անում ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիան՝ դրանք կյանքի կոչելու համար։ Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմից հետո Սարգսյանն ու Ալիևը համաձայնության էին եկել, ըստ որի, պետք է շփման գծում ներդրվեին միջադեպերի հետաքննման մեխանիզմներ և ընդլայնվեին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունները։

«Թեման կարևոր էր ոչ միայն ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության համար, այլ անձամբ ԳԴՀ արտգործնախարար Շտայնմայերի համար։ Եվ հավատացնում եմ Ձեզ, որ Գերմանիան նախագահության այս մնացյալ ժամանակը լիովին կօգտագործի այս հարցում լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասաց Մաթիաս Քիսլերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG