Հանդիպումներն անցկացվում են մեծահարուստ Թրամփի սեփական գոլֆ-ակումբի շենքում, որը գտնվում է Նյու Ջերզի նահանգի Բեդմինստեր ավանում: Այստեղ ընտրյալ նախագահն անցած շաբաթավերջին բանակցել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, 2012 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիի հետ:
Բանակցություններին մասնակցում է նաև ընտրյալ փոխնախագահը՝ Մայք Փենսը, ով CBS հեռուստակայանի հետ զրույցում հաստատել է, որ Ռոմնիին կարող է առաջարկվել պետական քարտուղարի պաշտոնը: «Սա ոչ միայն ջերմ, այլև շատ բովանդակալից հանդիպում էր: Կարող եմ ասել, որ հիմա ակտիվորեն և լրջորեն քննարկվում է նահանգապետ Ռոմնիին Միացյալ Նահանգների պետքարուղարի պաշտոնը վստահելու հնարավորությունը»,- ասել է Փենսը:
Ամերիկյան քաղաքական ավանդույթի համաձայն, բարձրաստիճան պետական այրերը միմյանց մասին խոսելիս, խուսափում են «նախկին» եզրույթից: Նախագահին, պետքարտուղարին, նահանգապետին ներկայացնում են այնպես, կարծես նրանք դեռ շարունակում են աշխատել: Դա հարգանք արտահայտելու յուրօրինակ ձև է․ Թրամփը Քլինթոնի մասին էր ասում «պետքարտուղար», Փենսն էլ Ռոմնիին նահանգապետ է անվանում: Ընդ որում, անցած տարիներին Թրամփը և Ռոմնին բազում անգամներ միմյանց ոչնչացնող քննադատության են ենթարկել:
Ռոմնին այս նախագահական ընտրարշավի ընթացքում Թրամփին անվանել է «խաբեբա» և հանրապետականներին կոչ է արել՝ մերժել մեծահարուստի թեկնածությունը: Թրամփն, իր հերթին, Ռոմնիին ծաղրել է՝ անվանելով «միշտ պարտվող» և «ձախողված թեկնածու», բայց ընտրություններից հետո Ռոմնին զանգահարել է Թրամփին և շնորհավորել հաղթանակի առիթով: Փաստորեն, նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո Ամերիկայում ստեղծվել է միանգամայն նոր քաղաքական կացություն:
Ինքը՝ ընտրյալ նախագահը շատ գոհ է գոլֆ-ակումբում տեղի ունեցող բանակցություններից՝ «Արագ առաջ ենք գնում: Ահռելի տաղանդ ունեն մարդիկ, ովքեր Ամերիկան վերստին կդարձնեն մեծ երկիր: Շատ-շատ տաղանդավոր մարդիկ են»,- ասել է Թրամփը: Այդ մարդկանցից մեկն էլ ամերիկյան ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսն է, ով կարող է դառնալ Պենտագոնի ղեկավարը՝ «Կարծում ենք, մեծ մարդ է, մեծ մարդ»:
Իսկ «Թվիթեր»-ում ընտրյալ նախագահն այսպես է գրել՝ «Ամենագեներալ Մատիսը»: Ի դեպ, պաշտոնաթող գեներալը բանակում ուներ շատ ազդեցիկ և խոսուն մականուն՝ Mad Dog՝ «կատաղած շուն»: Թրամփը գոլֆ-ակումբում հանդիպելով լրագրողներին, ասել է, որ առաջիկայում կհայտարարի իր կադրային նոր որոշումների մասին: