Մատչելիության հղումներ

Թուրքիան դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հարցը․ Էրդողան


Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դիտարկի միայն Եվրամիությանն անդամակցելու հարցը: Էրդողանի խոսքով, երկիրը քննարկում է նաև Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալու հնարավորությունը:

«Որոշ մարդիկ գուցե քննադատեն ինձ, բայց ես իմ կարծիքն եմ հայտնում: Օրինակ, ես ասում եմ՝ ինչու Թուրքիան չի կարող տեղ զբաղեցնել «Շանհայյան հնգյակում», - Էրդողանի խոսքերն է մեջբերում ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով տեղական «Հյուրիեթ» պարբերականին:

Նա ընդգծել է, որ Թուրքիային «ավելի հարմարավետ» կլիներ Շանհայի համագործակցության կազմակերպությունում աշխատելը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը տարիներ շարունակ «ձգձգում է [անդամակցության] գործընթացը»:

Շաբաթասկզբին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կարող է արդեն եկող տարի հանրաքվե անցկացնել՝ արդյոք երկրին անհրաժեշտ է անդամակցել ԵՄ-ին հարցով: Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG