Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուրբաթ երեկոյան հարցաքննվել է երկրի Գլխավոր դատախազության քննիչների կողմից 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով Պորոշենկոյի հարցաքննությունը անց է կացվել նախագահի նստավայրում և շարունակվել է մոտ վեց ժամ:
Անցած ամիսներին «Եվրամայդանի» քրեական գործի շրջանակներում ուկրաինական դատախազությունն հարցաքննել է նաև ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին, Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին և Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին: