Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ռուսաստանյան արտադրության ռազմական ուղղաթիռների գնումները: Այս մասին Պենտագոնի ղեկավարությունը ուրբաթ օրը պաշտոնական նամակով տեղեկացրել է Կոնգրեսի անդամներին:
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը 2013 թվականին կնքված համաձայնագրի հիման վրա РосОборонЭкспорт ընկերությունից նախատեսում էր ավելի քան վեց տասնյակ ռազմական ուղղաթիռներ գնել` հետագայաւոմ դրանք Աֆղանստանի կառավարական բանակին փոխանցելու համար:
«Գործարքի ընդհանուր արժեքը մոտ 1 միլիարդ դոլար էր գնահատվում: Այս պահին հայտնի չէ, թե ռուսական ուղղաթիռներից քանիսն են արդեն իսկ մատակարարվել ամերիկյան կողմին», - գրում է Reuters գործակալությունը:
Փոխարենը Պենտագոնը ուղղաթիռների նոր խմբաքանակ կպատվիրի ամերիկյան «Սիկորսկի» ավիացիոն ընկերությունից:
Ամերիկացի օրենսդիրները կողմ են արտահայտվել Պենտագոնի որոշմանը: «ԱՄՆ պետական բյուջեն չպետք է ֆինանսավորի մի պետության, որն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և հարձակումներ է գործում Արևելյան Ուկրաինայում», - հայտարարել է սենատոր Քրիս Մըրֆին:
«Այս որոշումը վաղուց պետք է կայացված լիներ», - նշել է Կոնեկտիկուտից ընտրված դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենտալը: