Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները լուծում են առաջարկում իրենց աշխատավարձերի պարտքը մարելու համար


Նաիրիտցիների բնորոշմամբ միայն կոմունալ վճարներին հերիքող աշխատավարձն արդեն 5 ամիս է՝ չեն ստացել, իսկ դիմացը ձմեռ է, չեն պատկերացնում՝ ինչով են ապրելու։

Այսօր կառավարության շենքի առջևից ցույցը տարերայնորեն տեղափոխեցին կառավարական երրորդ շենքի դիմաց։ Աշխատակիցները նիստից հետո նախարարություն վերադարձող Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարին էին շրջապատել՝ պահանջելով գոնե լսել իրենց։

Նաիրիտցիներից մեկի հարցին՝ որևէ լուծում կարո՞ղ է առաջարկել, նախարար Աշոտ Մանուկյանը պատասխանեց․ - «Չեմ կարող խաբել Ձեզ, կառավարությունը քննարկում է բոլոր հնարավորությունները»։

Նախարարի անորոշ պատասխանները վրդովվեցրին նաիրիտցիներին՝ կարծում են, որ նախարարը պարտավոր է հարցը ներկայացնել վարչապետին ու նախարարին, որպեսզի նրանք էլ լուծում գտնեն։

«Ազատության» հետ զրույցում նախարարը խոստովանեց՝ աշխատավարձերի վճարման տարբերակներ դեռ չկան։ - «Եթե ես կարողանայի պատկերացնել այս պահին, ես հստակ պատասխան կտայի նաիրիտցիներին», - նշեց Աշոտ Մանուկյանը։ - «Ո՛չ Ձեզ, ո՛չ նաիրիտցիներին խաբելու կամ մերկապարանոց հայտարարություն անելու ցանկություն չունեմ», - հավելեց նա։

«Նաիրիտ» գործարանի արհմիտության նախագահ Հրաչ Թադևոսյանը տարբերակ է առաջարկում՝ օտարել գործարանի գույքն ու գոյացած գումարից վճարել 260 հոգու կուտակված աշխատավարձը՝ մոտ 200 միլիոն դրամ։

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարն առաջարկը ողջամիտ համարեց․ - «Ես կարծում եմ՝ կարելի է մտածել և դա ուղղություններից մեկը կարող է լինել բաժնետիրական ընկերության որոշակի մուտքեր ապահովելու համար, որպեսզի կատարվեն առաջնահերթ ծախսերը, որն է՝ աշխատավարձը»։

Կառավարությունից հետո նաիրիտցիների պատվիրակությունը գնաց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ հանդիպման։ «Ազատության» հետ զրույցում արհմիության նախագահը փոխանցեց, որ հարցը ներկայացրել են Ֆելիքս Ցոլակյանին, պնդելով, որ գործարանում մնացած 260 աշխատողն իսկապես աշխատում է, ոչ թե պարապուրդի է մատնված։ Նաիրիտցու փոխանցմամբ, Ցոլակյանը նշել է, որ հասկացել է խնդիրը, կփորձի կառավարության հետ քննարկել այն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG