Միջազգային քննադատությունը նշանակություն չունի և ոչ ոք չի կարող Ադրբեջանի իշխանություններին մեղադրել լրագրողների իրավունքների խախտման մեջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան մի խումբ լրագրողների հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը:
Ալիևի զայրույթն է հարուցել, մասնավորապես, Associated Press գործակալության փոխնախագահ Ջոն Դանիշևսկիի հարցը՝ լրագրողների նկատմամբ հետապնդումների, ձերբակալությունների և շինծու մեղադրանքների մասին: Վերջինս, որպես օրինակ, հիշեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայլովայի ձերբակալության և ռադիոկայանի՝ Բաքվի գրասենյակի փակման մասին: «Ի՞նչ կարող է անել Բաքուն՝ միջազգային վստահությունը վերականգնելու համար»,- հարց է տվել Դանիշևսկին:
«Ինչպես կարելի է խոսել մամուլի ազատության սահմանափակման մասին, երբ Ադրբեջանում գործում է ազատ ինտերնետ, երբ մեր երկրում չկա գրաքննություն, բնակչության 75 տոկոսը օգտվում է ինտերնետից»,- ի պատասխան, հայտարարել է Ալիևը: