Մատչելիության հղումներ

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը


Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ:

«Հայաստանը կարևորում է իր ներգրավվածությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և այսօրվա հանդիպման անցկացումը Երևանում դրա հերթական վկայությունն է», - հանդես գալով բացման խոսքով՝ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Խոսելով Հայաստան-Երոպական միություն հարաբերությունների մասին՝ արտգործնախարար Նալբանդյանը շեշտել է. - «Վերջին երկու տարիներին Ռիգայի հռչակագրի դրույթների իրագործումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հայաստանի պարագայում կարող եմ ասել, որ անցնող տարվա ընթացքում տեսանելի արդյունքների ենք հասել. կայացել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների վեց փուլ, և կողմերին հաջողվել է գրանցել զգալի առաջընթաց: Միացել ենք ԵՄ մի շարք ծրագրերի, ինչպիսիք են՝ փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման COSME ծրագիրը, հետազոտությունների ու նորարարության Horizon 2020 ծրագիրը: Մեկնարկ է տրվել Ստեղծագործ Եվրոպա նախաձեռնությանը միանալու գործընթացին, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել մշակութային փոխանակումների շրջանակը։ Ակնկալում ենք նաև, որ առաջիկայում կսկսեն բանակցությունները Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու ուղղությամբ, ինչպես նաև հուսով ենք շուտով մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Կցանկանայի տեղեկացնել, որ սկսվել են Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համար գործընկերության առաջնայնությունների շուրջ մեր խորհրդակցությունները։

Օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման գործում»։

Հանդիպմանը բացման և ամփոփիչ խոսքերով հանդես են եկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ովքեր կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումները՝ գործընկեր երկրների տեսակետներին և նրանց մտահոգող խնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծումներ գտնելու առումով։

Նախարարական հանդիպման մասնակիցներն արդյունավետ քննարկումներ եմ ունեցել Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության համար կենսական բոլոր ուղղություններով, անդրադարձ են կատարել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG