Մատչելիության հղումներ

Մարզերում կուժեղացվի հսկողությունը սննդամթերքի որակի նկատմամբ


ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը խորհրդակցություն է անցկացրել Ծառայության մարզային կենտրոնների ղեկավարների հետ:

ՍԱՊԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, կարևորելով մարզերում հատկապես սննդամթերքի անվտանգությանը պատշաճ ուշադրություն դարձնելու և վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտությունը՝ Ծառայության ղեկավարը ներկայացրել է այդ ուղղությամբ նախատեսվող քաղաքականության սկզբունքները և մի շարք հանձնարարականներ տվել: Մասնավորապես, մարզային կենտրոնների ղեկավարներին հանձնարարել է hաշվառել մարզում գործող սննդի շղթայի օպերատորներին, գնահատել կազմակերպություններն ըստ ռիսկայնության, դիտարկումներ և մշտադիտարկումներ իրականացնել, հատուկ ուշադրություն դարձնել մանկապարտեզների, դպրոցների, մանկական սրճարանների սննդի որակին, մսի վաճառքի կետերում հետևել սանիտարահիգիենիկ պայմաններին, ապահովել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվողականություն շաբաթական կտրվածքով:

Ծառայության ղեկավարը հորդորել է նաև հատուկ ուշադրություն դարձնել սպառողների դիմում-բողոքներին և oպերատիվ արձագանքել բոլորին: Միաժամանակ ընդգծելով, որ մարզերում խախտումները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսվարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խորհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ՝ չառաջնորդվելով անմիջապես պատժելու սկզբունքով: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության պետն ընդգծել է որ տարբերակված մոտեցում չի լինելու, խաղի կանոնները նույնն են լինելու բոլորի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG