Մատչելիության հղումներ

Թուրքիայում պաշտոնյաների ձերբակալությունները շարունակվում են


Թուրքիայի նախագահը Պակիստանի վարչապետի հետ, Ռավալպինդի, Պակիստան,16-ը նոյեմբերի, 2016 թ․
Թուրքիայի նախագահը Պակիստանի վարչապետի հետ, Ռավալպինդի, Պակիստան,16-ը նոյեմբերի, 2016 թ․

Լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի, էրդողանը կարող է կառավարել ևս մեկ տասնամյակ՝ մինչև 2029 թվականը:

Թուրքիայի քրդաբնակ ևս 4 շրջանների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել, այդ թվում՝ Վանի և Թունջելիի քաղաքապետերը: Վերջիններիս ահաբեկչությանն աջակցելու մեղադրանք է առաջադրվել: Արդեն առավոտյան Վանում հարյուրավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել, ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել՝ բողոքի ալիքը ճնշելու համար:

Տեղերում ժողովդրի քվեն ստացած պաշտոնյաներին ձերբակալելով՝ Էրդողանը նրանց փոխարեն նշանակում է իրեն հավատարիմ մարդկանց՝ կառավարության հատուկ վերահսկիչների: «Մենք հիմա Թուրքիայում վերապրում ենք 1915 թվականի ապրիլի 24-ը -ը», շաբաթներ առաջ «Թվիթեր»-ում գրել էր քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլյանը, որի կուսակից տասնյակ պատգամավորներ ևս հիմա ճաղերի ետևում են: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, եթե առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, քրդամետ գործիչներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

«Էրդողանի իշխանությունը պատերազմ է մղում ընդդիմադիր բոլոր ուժերի, հիմնականում քուրդ ժողովրդի դեմ»,- այս մասին հայտարարել է դեմոկրատական ռեգիոնների կուսակցությունը, ընդգծելով՝ ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ Էրդողանը պարզապես ճանապարհ է հարթում իր իշխանությունն ամրապնդելու համար:

«Ռոյթերզ»-ի տրամադրության տակ է հատնվել Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի, էրդողանը կարող է կառավարել ևս մեկ տասնամյակ՝ մինչև 2029 թվականը: «Հաջորդ տարվա գարնանը հանրաքվեի դրվելիք այդ փաստաթղթով առաջարկվում է վերացնել վարչապետի պաշտոնը, նախագահին տալ շատ ավելի լայն լիազորություններ, էրդողանին էլ՝ ևս երկու ժամկետով ընտրվելու հնարավորություն»,- փաստում են թուրքական աղբյուրները:

Ակնկալվում է, որ այս փոփոխություններն էլ ավելի կխորացնեն Թուրքիայի տարաձայնությունները Եվրամիության հետ, որտեղ արդեն հրապարակավ կասկածի տակ են դնում Անկարայի հետ անդամակցության շուրջ բանակցությւոնները շարունակելու նպատակահարմարությունը: Նախագահ Էրդողանը, սակայն, մտադիր չէ նահանջել:

«Արևմուտքի քննադատութուններն իմ մի ականջից մտնում են, մյուսով դուրս գալիս»․- հայտարարել էր նա անցյալ շաբաթ: Այսօր էլ նա Պակիստանի խորհդարանում է պնդել՝ «Արևմուտքն աջակցում է բոլոր նրանց, ովքեր ուզում են ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում, և մահմեդական երկրները պետք է միավորվեն՝ հակազդելու դրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG