Մատչելիության հղումներ

Ղուկասյանն առերեսվել է գործում ներգրավված նոր վկայի հետ


Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում, արխիվ:
Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Հիմնադիր խորհրդարանի անդամի փաստաբանի պնդմամբ, առերեսման բերված վկան նախկինում դատապարտված է եղել խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար:

Սարի Թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն օրեր առաջ առերեւսվել է գործում ներգրավված նոր վկայի հետ։

Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով՝ նա որպես «Հիմնադիր խորհրդարանի» համակիր ներկայացող Գեղամ Սահակյանն է: Մեժլումյանը վկայակոչեց դատական տեղեկատվական համակարգի՝ «Դատալեքս»-ի տվյալները, ըստ որոնց, վկան նախկինում դատապարտված է եղել խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար, իսկ խուլիգանության մեղադրանքով դատարանի որոշմամբ հարկադիր բուժման է ենթարկել:

Ըստ պաշտպանի՝ Սահակյանը նախաքննական մարմնին ասել է, որ հուլիսի 29-ին Սարի թաղում Ղուկասյանն ու ցուցարարաները ՊՊԾ գունդը գրավելու նպատակ են հետապնդել․ - «Դրանից հետո գործը միավորում են արդեն «Սասնա Ծռերի» գործին՝ ցույց տալով, որ, տեսեք, ահաբեկչական կամ շատ ավելի վատ գործ է, խիստ գործ է: Սա էր այս վկայի ի հայտ գալու իմաստը, բայց դե բացահայտվեց, թե նա ով է»։

Օրերս Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ հուլիսի 29-ին Սարի Թաղի զանգվածային անկարգությունների գործը միավորվել է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի հետ։ Ըստ դատախազության, անցած ամիսներին իրականացված նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Երևանի Ազատության հրապարակից սկսված երթը նախապես ծրագրվել է Սարի Թաղում զանգվածային անկարգություններ իրականացնելու համար։ Վերջնական նպատակը, ըստ իրավապահների, այդ օրերին Խորենացի փողոցի վրա տեղակայված ոստիկանական պատնեշը ճեղքելն ու անկարգության մասնակիցներին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք հասցնելն էր՝ դրանով իսկ օժանդակելով այն զավթած զինված խմբի գործողություններին:

Կարեն Մեժլումյանի փոխանցմամբ, Ղուկասյանի դեմ ցուցմունք տված Գեղամ Սահակյանի հետ առերեսումը տևել է մոտ 10 ժամ։ «Նոր Հայաստան» շարժման անդամը փորձել է հարցերի միջոցով բացահայտել է նրա խոսքերի հավաստիությունը, իսկ Սահակյանը հետագայում դա որպես ճնշում է բնութագրել։ Պաշտպանն ասաց, որ առերեսման ամբողջ ընթացքը տեսագրվել է, այդ թվում այն, թե ինչպես է վկան ինքն իր խոսքերը հերքել․ - «Այդ ամենը տեսագրվում էր: Մեր տապալված գործը քննած այդ նախաքննության մարմինը․․․ սա իրենց վերջին հույսի վկան էր: Բայց ինչ վկա՝ մի քանի անգամ դատված և այլն»:

Ըստ պաշտպանի՝ առերեսումը կիսատ է մնացել, իսկ հարցերը չեն սպառվել։ Բայց իրենք այս պահին չգիտեն, թե ում մոտ է գտնվում գործը, որ միջնորդություն ներկայացնեն առերեսումը շարունակելու համար։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ գործը այլևս իրենց վարույթում չէ, իսկ Հատուկ քննչական ծառությունից պատասխանեցին, որ Ղուկասյանի և վկայի առերեսման մասին հարցերին ավելի ուշ գրավոր կպատասխանեն:

Մեժլումյանը նաև տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազը մերժել է Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար իրենց դիմած ԱԺ 20 պատգամավորների միջնորդութունը։ Նրանք անձնական երաշխավորություն էին ստանձնելու, որ Ղուկասյանը չի խուսափելու նախաքննությունից եւ կիրառելու է օրենքով պահանջվող բոլոր գործողությունները․ - «Այդ որոշման մեջ, ի դեպ, նշված է, որ գործով նյութեր են ձեռք բերվել, որ Անդրիաս Ղուկասյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը և այլն: Մինչ այս դատարանում որևէ նման նյութ չի ներկայացվել: Եթե դատախազությունը էդ հիմքով մերժում է, խնդրում եմ, առաջարկում եմ, պահանջում եմ՝ ներկայացրեք նման որևէ նյութ»:

Մի քանի օրից լրանում է Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը։ Մեժլումյանը հույս ունի, որ Հատուկ քննչական ծառայությունը այս անգամ չի դիմի դատարան՝ այն երկարաձգելու համար։ Հակառակ դեպքում պաշտպանական կողմը պահանջելու է նախկինում տրված բոլոր ցուցմունքներն ու վերջին վկայի հետ առերեսման տեսագրությունը․ - «Կհիմնավորենք, որ ո՛չ այդ ապացույցն է արժանահավատ, ավելին՝ չկա ընդհանրապես Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք: Որը չի եղել նաև մինչև օրս»:

Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը, պնդում է, որ «շինծու» քրեական գործով իշխանությունը նպատակ ունի սահմանափակել ամուսնու և զանգվածային անկարգությունների գործում ներգրավված մյուս ընդդիմադիրների քաղաքական գործունեությունը:

Այս գործով, հիշեցնենք, մեղադրվում են նաև «Ժառանգության» անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը, ովքեր գրավի դիմաց ազատ են արձակվել:

Թարխանյանի կարծիքով, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ փորձ է արվում լռեցնել ընդդիմադիր գործիչների ձայնը․ - «Մեզ բոլորիս համոզում են և հավաստիացնում են, որ այս անգամ ընտրությունները կլինեն արդար, կլինեն անկողմնակալ, բայց լրիվ հակառակն է տեղի ունենում․ ի սկզբանե, մինչև ընտրությունները, ինը ամիս առաջ արդեն սահմանափակում են կարևորագույն քաղաքական գործիչների մասնակցությունը»:

Թարխանյանն ասաց, որ առաջիկա օրերին դիմելու են միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով այս գործի վրա:

XS
SM
MD
LG