Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի համոզմամբ, Պաշտպանության նախարարության՝ պարտադիր վճարները 1000 դրամով ավելացնելու նախագիծը ոտնահարում է մարդու իրավունքները։
Նախկին նախարարի խոսքով, Հայաստանում, կարծես թե, խախտվել է այդ դասական՝ պետություն-քաղաքացի իրավաքաղաքական կապը։
«Կարծես քաղաքացիներն ունեն բացառապես պարտականություններ, իսկ պետությունն ունի բացառապես իրավունքներ։ Ես չեմ կարող հավատալ, որ մեր երկրում գեթ մեկ քաղաքացի կգտնվի, որը չցանկանա, որ զինվորը պաշտպանված լինի՝ սոցիալական, իրավական, նյութական և այլ առումներով, բայց, կներեք, ո՞վ է ասել, որ այդ պաշտպանությունը պետք է ապահովվի քաղաքացիների գրպանի հաշվին։ Հիմա ի՞նչ է, պետությունն իր պարտականությունը գեղեցիկ ձևով դնում է քաղաքացիների վրա ու անունը դնում, որ ինքն ապահովվեց այդ քաղաքացիների սոցիալական պաշտպանությունը։ Կներեք, բայց սա տարրական խաբեություն է։ Չկա էս երկրում մեկը, իմ կարծիքով, որ իրականում հավատա, որ պետական կամքի դեպքում բյուջեն չի կարող համալրվել և բյուջեի միջոցներով ապահովվել այս բոլոր ծախսերի հատուցումը», - ասաց Պետրոսյանը։
Նախկին նախարարը չի բացառում, որ վաղն էլ այս նույն տրամաբանությամբ քաղաքացիների աշխատավարձից պահումներ արվեն, օրինակ, հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու համար։
«Նոր Սահմանադրության մեջ ասվում է, որ պետությունը ֆինանսավորում է մարդու իրավունքների պաշտպանի կողմից նրա լիազորությունների պատշաճ իրականացումը։ Հիմա օրերից մի օր կարող են ասել՝ «գիտեք ինչ, հայրենասեր չե՞ք դուք, այ դավաճաններ, չե՞ք ամաչում, մի քիչ ձեր աշխատավարձից հատկացումներ արեք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ֆինանսավորենք»։ Մի գեղեցիկ օր էլ արթնանան, ասեն՝ «առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության համար...»։ Ստացվում է, որ պետությունը գործակալի դեր է կատարում՝ քաղաքացուն ստիպողաբար ներգրավվում է, այսպես կոչված, բարեգործության մեջ, անունը դնում են, որ պետությունն ապահովվեց իր սոցիալական քաղաքականությունը», - ասաց սոցիալական հարցերի նախկին նախարարը՝ նշելով, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է։
«Մարդու ազատության, ազատ գործելու։ Թող ինձ ասեն՝ «գիտեք, դուք, որպես քաղաքացի, քեզ բարոյապես պարտավորված չե՞ք զգում, որ կամավոր ներդրում անեք»։ Միայն ես չէ, շատերն այսօր, անգամ բանակում ծառայող ունեցողները, չեն մտածի այդ մասին, կամավոր ներդրում կկատարեն, իրենք իրենց լավ կզգան», - ասաց Պետրոսյանը։