Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դուրս է գալիս Հաագայի դատարանից


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից (Հաագայի դատարան)։

Որոշումը, ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, պայմանավորված է Ազգային շահերով։ Նա հաստատել է, որ պատճառը Հաագայի դատարանի դատախազի ձևակերպումներն են, որի համաձայն, Ղրիմի բռնակցումը հավասարազոր է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև զինված հակամարտության։

«Ռուսաստանի Դաշնությունը դե յուրե չի գտնվել այդ դատարանի իրավազորությունների տակ: Փաստաթուղթը ստորագրվել, սակայն չի վավերացվել։ Բայց նման ձևակերպումներն, անշուշտ, միանգամայն հակասում են իրականությանը, այն հակասում է մեր դիրքորոշմանը, և ամենակարևորը՝ Ղրիմի քաղաքացիների այն դիրքորոշմանը, որը նրանք ամրագրել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին հանրաքվեով», - ասել է Պեսկովը՝ լրագրողների հետ զրույցում։

Նույնն էլ, ըստ Կրեմլի խոսնակի, վերաբերում է Դոնբասի մասով ձևակերպումներին։ «Դոնբասը, դա քաղաքացիական պատերազմ է, դա ներուկրաինական հակամարտություն է», - պնդել է Պեսկովը։

Միջազգային քրեական դատարանի դատախազը, հիշեցնենք, երկուշաբթի օրը ներկայացրել է Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքի պատերազմի վերաբերյալ նախնական հետաքննության արդյունքները, որում թերակղզում և Սևաստոպոլում տիրող իրադրությունը որակվում է որպես պատերազմ երկու երկրների, մասնավորապես, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

Նշված է նաև, որ ռազմական հակամարտությունը սկսվել է 2014 թվականի փետրվարի 26-ից ոչ ուշ, երբ Ռուսաստանի Դաշնությունն իր զինված ուժերը ներգրավվեց՝ Ուկրաինայի տարածքների մի մասի վրա վերահսկողություն հաստատելու համար:

Զեկույցը թվարկում է մի շարք ենթադրյալ հանցագործություններ, որոնք իրականացվել են Ղրիմի բռնակցումից առաջ և հետո՝ ճնշումներ ղրիմյան թաթարների նկատմամբ, կոպիտ վերաբերմունք, ձերբակալություններ, անարդար դատական քննություններ։

«Իրավիճակը Ուկրաինայում» գործը Հաագայի միջազգային դատարանը քննում է 2014 թվականի ապրիլից։ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ Կիևը դատարանի միջոցով Ռուսաստանից ընդհանուր առմամբ 50 միլիարդ դոլար է պահանջում՝ Ղրիմի բռնակցման և Դոնբասի հակամարտության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG