Մատչելիության հղումներ

Վրաստանի «Գիրչի» կուսակցությունը պահանջում է օրինականացնել մարիխուանան


Զուրաբ Ջափարիձե, արխիվ
Զուրաբ Ջափարիձե, արխիվ

Վրաստանի արտախորհրդարանական ուժերից մեկը՝ աջ ազատական «Գիրչի» կուսակցությունը, երկրի նորընտիր խորհրդարանի պատգամավորներից և ապագա կառավարության անդամներից պահանջում է մոտակա շաբաթներին արդեն օրինականացնել թեթև թմրամիջոցները` նախևառաջ՝ մարիխուանան: Հակառակ պարագայում կուսակցության անդամները սպառնում են դիմել կտրուկ քայլերի` անգամ Քրեական օրենսգրքի հոդվածները խախտելու գնով: Այս մասին, երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն:

«Եթե խորհրդարանը չբավարարի այս պահանջը, մենք դեկտեմբերի 31-ին` 23։59-ը րոպեին, ուղիղ եթերում մեր կուսակցական գրասենյակի տարածքում կսկսենք մարիխուանա ցանել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ քայլով կխախտենք Վրաստանի Քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածը, որով 6-ից 12 տարվա ազատազրկում է նախատեսվում: Մեզ համար, սակայն, սա հանուն ազատության ձեռնարկված քաղաքական գործողություն է լինելու: Մենք այս քայլին ենք դիմում, քանի որ իրավիճակն անելանելի է», - հայտարարում էր Ջափարիձեն` պահանջելով օրինականացնել մարիխուանայի օգտագործումն, ինչպես նաև դրա արտադրությունը` անձնական նպատակների համար:

«Գիրչի» կուսակցության անդամները պնդում են, որ Վրաստանում թեթև թմրամիջոցների օգտագործմանն ու տարածմանը առնչվող պատժամիջոցները շատ խիստ են:

Ուշագրավ է, որ վրացական կառավարության անդամները կարծես թե պատրաստ են որոշակի զիջումների գնալ այս հարցում: Դեռ ամիսներ առաջ Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարում էր. - «Մարիխուանայի դեպքում անհամաչափ խիստ պատիժների սահմանումը սխալ է»:

Վրաստանի օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին էլ ամռանը հայտարարում էր. - «Վրաստանի որդեգրած նարկոքաղաքականությունը հիմնված է բռնաճնշումների վրա: Հիմնական ռեսուրսները պետությունը պետք է ուղղի ոչ թե պատիժների կիրառմանը, այլ թմրամոլների բուժմանը»։

Երեկ էլ մարիխուանան օրինականացնելու պահանջին արձագանքեց Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն։ «Ակնհայտ է, որ թեթև թմրամիջոցներ օգտագործելու համար մարդիկ չպետք է ազատազրկվեն: Սա մեր քաղաքական թիմի հստակ ուղերձներից մեկն է` թմրամիջոցների վերահսկողության ասպարեզում կառավարության քաղաքականությունը պետք է փոփոխությունների ենթարկվի», -հայտարարում էր Բաքրաձեն:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն, Վրաստանում թմրամոլների մեծ մասը 25-ից 45 տարեկան տղամարդիկ են: Նրանց ճնշող մեծամասնությունը` 63 տոկոսը, մարիխուանա է օգտագործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG