Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի փորձագետների համոզմամբ՝ հայ-ռուսական զորամիավորման ստեղծումը «վատ լուր է Բաքվի համար»


Ռուս զինծառայողները Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ․
Ռուս զինծառայողները Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, Երևան, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Հայաստանի հետ միասնական զորամիավորման ստեղծմանը հավանություն տալով` Վլադիմիր Պուտինը փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, համոզված են բաքվեցի փորձագետները:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Բաքվում գործող Քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն մասնավորաբար նշում էր․ - «Ապրիլյան մարտերից հետո Ռուսաստանը փաստորեն սկսել է ավելի ակտիվորեն պաշտպանել Հայաստանին: Սկզբում «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգեր են մատակարարում Հայաստան, այժմ էլ ահա միասնական զորախմբի ստեղծումն է: Դրանով Ռուսաստանը Բաքվին հստակ ուղերձ է հղում` հասկացնելով, որ չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա ռազմական հավասարակշռությունը խախտվի»:

Քաղաքագետ, 90-ականներին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Հիքմեթ Հաջիզադեի համոզմամբ էլ՝ համատեղ հայ-ռուսական զորամիավորման ստեղծումը «վատ լուր է Ադրբեջանի համար»:

«Հնարավոր է, որ այս ամենը դեռ ընթացքի մեջ է, բայց և այնպես, եթե առաջիկայում որևէ փոփոխություն չլինի, ապա հայկական և ռուսական բանակները կմիավորվեն միասնական հրամանատարության ներքո, և դրանց դեմ պատերազմելը շատ դժվար կլինի», - պնդում է Հաջիզադեն՝ հավելելով․ - «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ու նախագահի աշխատակազմը պետք է բողոքեն, պետք է փորձեն փոփոխություններ մտցնել հայ-ռուսական պայմանագրի տեքստում կամ նույնիսկ արգելափակեն այն: Պայմանագրում պետք է մի կետ ընդգրկվի, որի համաձայն՝ խոսքը բացառապես Հայաստանի տարածքի պաշտպանության մասին է, որպեսզի հանկարծ [միասնական զորամիավորումը] չկարողանա մարտական գործողություններ վարել գրավյալ տարածքներում: Միասնական զորամիավորման ստեղծումը Ռուսաստանի կողմից Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց է»:

Էլհան Շահինօղլուի պնդմամբ էլ՝ Ռուսաստանի հետ ստեղծվելիք համատեղ զորամիավորումը կարող է հայ - ադրբեջանական բախումներին միջամտել, եթե դրանք ծագեն պետական սահմանի երկայնքով:

«Ռուսաստանը կարող է միջամտել, եթե, ասենք, Ղազախի շրջանում սադրանքներ լինեն: Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին ռուսաստանյան միջամտությունը կարող է լայնածավալ տարածաշրջանային պատերազմի ծագման պատճառ դառնալ` այլ դերակատարների ներգրավմամբ: Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում Ռուսաստանը կարող է նույնիսկ Հյուսիսային Կովկասը կորցնել», - պնդում է ադրբեջանցի վերլուծաբանը:

Բաքվեցի մեկ այլ վերլուծաբանի` ռազմական փորձագետ Թելման Աբիլովի համոզմամբ ևս՝ հայ-ռուսական միասնական զորամիավորման ստեղծումը լուրջ վտանգներ է պարունակում Ադրբեջանի համար:

«Ռուսաստանը միշտ էլ պաշտպանել է Հայաստանին: Դրա հետ մեկտեղ, հարկավոր է հստակ ըմբռնել, որ Մոսկվան Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չի ընկալել որպես ինքնիշխան պետություններ: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, գտնվում է Ռուսաստանի շատ ուժեղ ազդեցության տակ: Այժմ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Ռուսաստանը Հայաստանի կողմում է: Դա նշանակում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ի վիճակի կլինի լուծել միայն այն դեպքում, երբ կարողանա ֆիզիկապես դիմակայել Ռուսաստանին», - պնդում է ադրբեջանցի ռազմական փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG