Մատչելիության հղումներ

Բադասյան․ 1000-ական դրամ հավաքելը արդար չէ, երբ բանակում գողությունները չեն կանխվում


Վահան Բադասյանը Ստեփանակերտից պատասխանում է «Ազատության» հարցերին, արխիվ
Վահան Բադասյանը Ստեփանակերտից պատասխանում է «Ազատության» հարցերին, արխիվ

Հայաստանի խորհրդարանը այսօր շարունակում է «1000 դրամների նախագիծ» անունը ստացած օրինագծի քննարկումը: Երեկ ընդդիմադիր պատգամավորները քննադատեցին զինծառայողների ապահովագրության համար յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամսական ևս 1000 դրամ գանձելու օրինագիծը, միևնույն ժամանակ, սակայն, ընդգծեցին, որ դեմ չեն քվեարկի:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը ևս պնդում է՝ չի քննարկվում բանակին աջակցելու հարցը, սակայն Զինված ուժերում ուռճացված ծախսերի, կոռուպցիայի, «ֆեոդալ գեներալների» խնդիրը չլուծած՝ ինչո՞ւ է մեծացվում հարկատուների բեռը: Ազատամարտիկը «Ազատության» հետ զրույցում նաև պատրաստակամություն հայտնեց օրինազանցների մասին տեղեկությունները իրավապահներին տրամադրել:

«Չեմ պատրաստվում գլուխ ջարդել այն դատախազության հետ, որը կձգտի ծածկադմփոց անել: Դատախազությանը նույնիսկ իմ փաստերն էլ պետք չեն, դատախազությանը ես էլ պետք չեմ, որ ներկայանամ, ինքը դատախազությունը բավական է բարի ցանկություն հայտնի, վերահսկի և վերացնի այդ գողությունները՝ ինքը կգտնի այդ փաստերը», - հայտարարեց Բադասյանը:

«Հարցն այն չի, թե կա գողություն, որ միայն ես գիտեմ տեղը: Այդ գողությունների տեղը բոլորն էլ գիտեն՝ նախարարից բռնած, մինչև բանակի բոլոր սպաներն էլ գիտեն այդ գողության տեղը: Բոլորն էլ գիտեն՝ և դուք գիտեք, և ես գիտեմ, և բանակում ծառայողները գիտեն, և չծառայողները գիտեն», - շարունակեց Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավորը:

Նա պատրաստակամություն հայտնեց այդ բոլոր փաստերը ներկայացնել․ - «Այո, եթե ինձ հրավիրեն, ես անպայման կպատրաստեմ, ես կներկայանամ և կներկայացնեմ այդ բոլոր փաստերը»:

«Ես նորություն չեմ ասում, ունենք մենք այսպես ասած ֆեոդալ գեներալիտետներ, իհարկե՝ մեծ մասը Երևանում է, ովքեր որ կազմակերպում են և իրենք բանակը դարձրել են բիզնես կենտրոն: Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը եթե մտնեք, ապա դուք դա կտեսնեք, թե գրեթե բոլոր ապահովումները, նյութական մատակարարումները նման ձևով են կատարվում, նման կոռուպցիոն համակարգով: Չեմ ասում, թե դեպարտամենտում օրենքով չեն անում՝ փաստաթղթերով բոլորը լավ է, բոլորը ճիշտ է, բայց այ թե ինչ գներով են մատակարարում ցանկացած նյութ, ցանկացած ապրանք, ցանկացած արժեք, ասենք, արժեքավոր ապրանքներ՝ խոսքը դրա մասին է», - ասաց Բադասյանը:

«Եթե Ձեր կողմից մատնանշված այս գողությունները, չարաշահումները տեղի չունենան, կարիքը չի՞ լինի այլևս ժողովրդից լրացուցիչ 1000-ական դրամներ հավաքել ամեն ամիս, որպեսզի 2017 թվականի հունվարի 28-ից հետո սպանված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների փոխհատուցման հարցը լուծվի», - այս հարցին Վահան Բադասյանը արձագանքեց․ - «Այդ քաղաքականությունը, որ պետք է հիմնադրամ ստեղծվի և որ պաշտպանված լինի զինծառայողը, հաշմանդամ զինծառայողը, զոհված զինծառայողը, դրանում ոչ մեկ կասկած չի հայտնում, դա անհրաժեշտ է: Այս տեսակետից, ես ողջունում եմ նախարարի նախաձեռնությունը: Բայց այն, որ նախարարը դեռ մատը մատին չի տվել, ոչ մի բան չի ձեռնարկել, որ բանակում գողությունները չշարունակվի, գոնե կանխվի, սա արդեն արդար չէ՝ 1000-ական դրամ հավաքելը: Որովհետև այդպիսի ձևը, որ դրամահավաք պետք է լինի՝ ամեն մեկը 1000 դրամ, երկրի, պետության համար արժանավայել կեցվածք չի դա»:

«Այլ հարց է, որ բանակ-հասարակություն կոնցեպցիայի շրջանակներում աջակցվի հասարակության կողմից բանակը և հնարավորություն տրվի, որ կամավոր սկզբունքներով աջակցեն բանակին, բայց այսպիսի անարդար երևույթները թողած՝ ընկնենք մենք 1000-ական դրամների հետևից՝ սա արդար չի», - շեշտեց ղարաբաղցի ազատամարտիկը:

Վահան Բադասյանի հետ հարցազրույցը տե՛ս այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG