Մատչելիության հղումներ

Եվրամիության խորհուրդը կողմ է Ադրբեջանի հետ բանակցությունների մեկնարկին


Ադրբեջանի հետ «համապարփակ համաձայնագրի» կնքման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշումը Եվրամիության խորհուրդը հրապարակեց երեկ երեկոյան Բրյուսելում կայացած հերթական նիստի ընթացքում:

«Խորհուրդը Եվրամիության անդամ պետությունների անունից Եվրոպական հանձնաժողովին և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարին օժտում է Ադրբեջանի հետ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ նախաձեռնելու մանդատով», - նշված է Եվրամիության խորհրդի որոշման մեջ:

Այս կառույցի նիստից անմիջապես հետո, սակայն, Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին գերադասեց խոսել ոչ թե Ադրբեջանի հետ բանակցություններ մեկնարկի, այլ ընդհանուր առմամբ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շուրջ ստեղծված կացության մասին:

«Բոլորիս համար, նաև անձամբ ինձ համար, շատ նշանակալի են այն ազդակները, որ մենք հղում ենք «Արևելյան գործընկերության» ծրագրին: Դրանցով մենք ընդգծում ենք այդ ծրագրի նշանակությունն ինքնին, ինչպես նաև այն հանգամանքը, թե որքան կարևոր են մեզ համար «Արևելյան գործընկերություն» ծրագրին մաս կազմող վեց պետություններից յուրաքանչյուրի հետ ունեցած հարաբերությունները», - հայտարարեց Ֆեդերիկա Մոգերինին:

Եվրամիության խորհրդի որոշումը Բաքվում միանշանակ դրական արձագանքի արժանացավ: Դրա հրապարակումից հաշված ժամեր անց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ «պաշտոնական Բաքուն ողջունում է Եվրամիության խորհրդի կայացրած որոշումը»: Իսկ փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդղուլիևը APA գործակալության հետ զրույցում այսօր նշել է, որ առայժմ հայտնի է միայն Եվրամիության կողմից Բաքվի հետ բանակցություններ սկսելու սկզբունքային որոշման մասին․ - «Մանդատի տրամադրման մասին որոշումը երեկ է կայացվել: Առայժմ որևէ հստակ բան ասելը դժվար է: Կանենք հնարավորը, որպեսզի բանակցությունները մեկնարկեն մոտ ապագայում: Կարևորը, սակայն, ոչ թե բանակցությունների տևողությունն է, այլ դրանց որակը»:

Հիշեցնեմ, որ ԵՄ - Ադրբեջանի ապագա համաձայնագիրը փոխարինելու կգա 1996 թվականին Բաքվի և Բրյուսելի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրին: Ուշագրավ է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկից ի վեր պաշտոնական Բաքուն խուսափում էր բազմակողմ ձևաչափում համագործակցության ծրագրերին մասնակցելուց` պահանջելով, որպեսզի Եվրամիությունը Ադրբեջանի հետ երկկողմ «Ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր կնքի: Ավելին, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը մշակել էր այդ համաձայնագրի սեփական տարբերակը, որն արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Եվրամիության ներկայացուցիչներին էր փոխանցել 2015 թվականի մայիսին` «Արևելյան գործընկերության» Ռիգայում կայացած գագաթաժողովի ընթացքում:

«Եթե [բանակցությունների] մանդատը հաստատվել է, ապա նշանակում է, որ Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթի դեմ լուրջ առարկություններ չեն հնչել: Եթե համաձայն չլինեին մեր նախագծի հետ, հազիվ թե մանդատ տրամադրեին։ Իհարկե Եվրամիությունը նաև իր առաջարկները կունենա, չի բացառվում, որ բանակցությունների ընթացքում մենք ևս որոշ առաջարկներ ներկայացնենք», - նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Ինչ վերաբերում է Եվրամիության մոտեցումներին, ապա Բրյուսելում հույս են հայտնում, որ առաջիկայում կնքվելիք համաձայնագիրը հնարավորություն կտա «դիմակայել այն համատեղ մարտահրավերներին, որոնց բախվում են Ադրբեջանն ու Եվրամիությունը»:

«Այս համաձայնագիրը նոր հիմքեր կստեղծի Եվրամիության և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության համար», - նշված է Եվրոպական միության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հավելեմ ի դեպ, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շուրջ ստեղծված կացությունը երեկ կայացած խորհրդի նիստի օրակարգի առանցքային թեմաներից մեկն էր: Այս մասին խոսում էր նաև Եվրամիության ընդարձակման բանակցությունների և եվրոպական հարևանության գծով հանձնակատար Յոհանես Հանը․ - «Մենք պետք է շարունակենք այս աշխատանքը, որի մեկնարկը տվել ենք մի քանի տարի առաջ: Մեզ այժմ հաջողվել է որոշակիորեն պարզեցնել գործընթացը` համագործակցության հիմնական չորս ուղղություններ առանձնացնելով: Առաջիկայում հստակ ճանապարհային քարտեզ ի հայտ կգա, որում ընդգրկված կլինեն «Արևելյան գործընկերության» անդամ պետությունների համար առանցքային կարևորություն ունեցող 20 նպատակները, որոնք հարկավոր է լինելու կյանքի կոչել մինչև 2020 թվականը: Այս խնդիրների իրագործման շնորհիվ մեզ կհաջողվի ծրագրի մասնակից պետություններին ընդգրկել եվրոպական տրանսպորտային ցանցում, սերտ հարաբերություններ հաստատել մարդկանց միջև: Այս խնդիրների թվում է իհարկե վիզային ռեժիմի ազատականացումը: Ես կարող եմ միայն կրկնել, որ Վրաստանն ու Ուկրաինան արդեն իսկ կատարել են իրենց ներկայացված բոլոր նախապայմանները, և ես ակնկալում եմ, որ շատ շուտով դրական որոշում կլինի», - նշել է Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG