Մատչելիության հղումներ

Քաղաքապետ․ Ավտոկայանատեղիները սպասարկող ընկերությունների հետ բանակցությունները ավարտվել են


«Փարկինգ Սիթի սերվիզ» ընկերության տնօրենը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործընթացի վերաբերյալ դեռ հստակ, վերջնական եզրակացություն չկա:

Արագաչափերը, «կարմիր գծերը» և տեսախցիկները սպասարկող ընկերությունների գործառույթները և ֆինանսական հոսքերը պետականացնելու մասին նախագահի հանձնարարականի ժամկետը այսօր լրացավ։ Պետական կառույցները հայտարարում են, որ բանակցությունները ավարտվել են, մինչդեռ ընկերությունների ղեկավարների հայտարարությունները հակառակի մասին են խոսում։

Երևանի քաղաքապետարանում այսօր առավոտյան հրավիրած խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ Երևանում «կարմիր գծերով» ավտոկայանատեղիները սպասարկող ընկերությունների հետ բանակցությունները ավարտվել են և հավելեց․ - «Մեր կողմից կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն թափանցիկ: Բնակչությունը պետք է հստակ իմանա, թե ինչ կարող է ակնկալել այս փոփոխություններից»:

Քաղաքապետարանից փոխանցեցին, որ առաջիկա օրերին բանակցությունների արդյունքները կներկայացնի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը՝ հավելելով նաև, թե Տարոն Մարգարյանի հայտարարությունը արդեն նշանակում է, որ նախագահի հանձնարարականը կատարված է։

«Կարմիր գծերը» սպասարկող «Փարկինգ Սիթի սերվիզ» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը, մինչդեռ, բանակցությունների ավարտից տեղյակ չէր: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ գործընթացի վերաբերյալ դեռ հստակ, վերջնական եզրակացություն չկա․ - «Վերջնական ամփոփ պատկեր դեռ ես չունեմ: Այդ իսկ պատճառով չեմ մեկնաբանի մինչև ընդհանուր պատկերը չլինի պրոցեսի հետագա ընթացքի մասով»:

Աշխատանքային օրվա ավարտին Ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ արագաչափերը և տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ նոր համաձայնագիր են կնքելու։

Ոստիկանությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքները ուղարկել են կառավարություն նոյեմբերի 11-ին, սակայն «Սեքյուրթի դրիմ» ընկերության սեփականատերերից Ալիք Զաքարյանը այսօր կեսօրին «Ազատությանն» ասել էր, որ քննարկումները դեռ շարունակվում են։

Բանակցությունների նպատակը այս ընկերությունների գործառույթները և ֆինանսական հոսքերի տնօրինումը սեփականության ձևով համայնքային կառույցներին փոխանցելն էր։

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ի խորհրդակցության ժամանակ էր այս մասին խոսել․ - Երեք հիմնական հանձնարարություն: Կառավարությանը, ոստիկանությանը և քաղաքապետարանին՝ տասը օրվա ընթացքում ձեռնարկել համապատասխան միջոցները, այդ թվում նաև բանակցություններ ֆինանսական ողջ հոսքերը պետական կամ համայնքային համապատասխան մարմինների կողմից կառավարվելու առումով»:

Նախագահի հանձնարարականից հետո այսօր աշխատանքային 10-երորդ օրն է: Բանակցություններով զբաղվող կառույցները հայտարարում են, որ արդյունքները ուղարկել են կառավարություն՝ ուսումնասիրելու և խնդրին վերջնական լուծում տալու համար:

Թե ինչպիսինն են բանակցությունների արդյունքները, ինչպես և երբ են փոխանցվելու ընկերությունների գործառույթները պետությանը՝ դեռ չի հայտարարվում։

XS
SM
MD
LG