Մատչելիության հղումներ

Թրամփն առաջին կադրային նշանակումներն է անում


ԱՄՆ -- Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբուսը (ձ) և Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Սթիվ Բենոնը
ԱՄՆ -- Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Պրիբուսը (ձ) և Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Սթիվ Բենոնը

Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը իր վարչակազմում առաջին նշանակումներն է անում․ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը Թրամփը վստահել է Ռայնս Պրիբուսին, իսկ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնում՝ իր նախընտրական շտաբի ղեկավար Սթիվ Բենոնին:

Մասնագիտությամբ փաստաբան, 44-ամյա Պրիբուսը Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ ու հայտնի ներկայացուցիչներից է: Վերջին հինգ տարում նա գլխավորել է Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն, և ինչպես նշում է ամերիկյան մամուլը՝ հենց նրան է վերագրվում Թամփից դժգոհ հանրապետական քաղաքական էլիտայի և թեկնածու Թրամփի միջև կամուրջների կառուցումը: Պրիբուսը համարվում է Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայանի մերձավորը: Այս հանգամանքը, ինչպես նկատում են ամերիկյան վերլուծաբանները, կարող է էականորեն թեթևացնել Կոնգրեսում Սպիտակ տան նախաձեռնությունների ընդունումը:

Ինչ վերաբերում է Սթիվ Բենոնին՝ նա նախկին սպա է, ապա զբաղվել է բանկային գործունեությամբ: Վերջին տարիներին Բենոնը առավելապես հայտնի է որպես մեդիամենեջեր, ռադիոհաղորդավար և կինոռեժիսոր:

«Պրիբուսն ու Բենոնը բարձր որակավորում ունեցող ղեկավարներ են», - մեկնաբանելով իր առաջին նշանակումները՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը, հավելելով ․ - «Ես ուրախ եմ, որ հաջողության հասած իմ խումբը հետագայում էլ ինձ հետ միասին կկառավարի երկիրը»:

Այս մասին Թրամփը խոսել է CBS հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում:

Սպիտակ տան ապագա ղեկավարն, իր դեպ, hայտարարել է, թե անձամբ ինքը հրաժարվում է նախագահական աշխատավարձից, որը կազմում է մոտ 400 հազար ամերիկյան դոլար, և պատրաստ է ստանալ ամսական ընդամենը մեկ դոլար: Այս մասին Թրամփը խոստացել էր դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ: - «Ինձ համար դա այնքան էլ մեծ գումար չէ», - հոկտեմբերին հայտարարել էր միլիարդատերը:

Ընտրվելուց հետո իր առաջին հեռուստահարցազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը անդրադարձել է նաև նախընտրական շրջանում հնչեցրած մյուս հայտարարություններին, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանը: Սպիտակ տան նորընտիր ղեկավարը վերահաստատել է՝ այո՛, կառուցելու է պատ, սակայն որոշ տարածքներում ցանկապատեր են տեղադրվելու՝ պատ կառուցելու փոխարեն:

Խոսելով իր մյուս աղմկահարույց նախընտրական խոստման՝ միգրանտներին արտաքսելու մասին, Թրամփը շեշտել է՝ մենք պատրաստվում ենք վտարել այն միգրանտներին, ովքեր հանցագործներ են, քրեական խմբավորումների անդամներ են, զբաղվում են թմրանյութերի վաճառքով և հանցավոր անցյալ ունեն․ - «Նրանք այստեղ՝ Միացյալ Նահանգներում օրինական հիմունքներով չեն գտնվում: Այդպիսիները շատ են՝ հավանաբար 2, գուցե անգամ՝ 3 միլիոն: Մենք նրանց կա՛մ կվտարենք, կա՛մ էլ կազատազրկենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG