ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հետուստաընկերության եթերում, իր հաղթանակից հետո առաջին անգամ, կրկնել է անօրինական միգրանտներին երկրից վտարելու մասին՝ նախընտրական շրջանում հնչեցրած հայտնի հայտարարությունը: Թրամփը վերահաստատել է նաև ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանային պատ կառուցելու իր խոստումը:
«Մենք պատրաստվում ենք վտարել այն միգրանտներին, ովքեր հանցագործներ են, քրեական խմբավորումների անդամներ են, զբաղվում են թմրանյութերի վաճառքով և հանցավոր անցյալ ունեն: Նրանք այստեղ՝ Միացյալ Նահանգներում օրինական հիմունքներով չեն գտնվում: Այդպիսիները շատ են՝ հավանաբար 2, գուցե անգամ՝ 3 միլիոն: Մենք նրանց կամ կվտարենք, կամ էլ կազատազրկենք»,- իր արդեն հետընտրական ելույթում ասել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը:
Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու իր հայտնի խոստման առնչությամբ, նա, մասնավորապես նշել է, թե պատը կառուցվելու է սահմանագծի առանձին հատվածներում: Մնացյալ հատվածներում էլ ցանկապատ է լինեու: Թրամփի հաղթանակից հետո մի շարք վերլուծաբաններ ենթադրում էին, որ թեկնածու Թրամփը նման չի լինի նախագահ Թրամփին, և քիչ է հավանականությունը, որ հաղթանակից հետո նա կկրկնի իր նախընտրական խոստումները:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա առաջիկա հունվարի 20-ին: