Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի


Բողոքի ցույց՝ ընդդեմ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի
Բողոքի ցույց՝ ընդդեմ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի

«Ո՛չ ռասիզմին», «ո՛չ խտրականությանը», «առանց ներգաղթյալների Թրամփն ինքը կին չէր ունենա», հայտարարում են նորընտիր նախագահի ընդդիմախոսները:

Միացյալ Նահանգների խոշորագույն քաղաքներում երկրորդ օրն է՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցերը չեն դադարում: Լոս-Անջելեսում, Բոստոնում և մի շարք այլ քաղաքներում հազարավոր ամերիկացիներ փողոց են դուրս գալիս՝ մտավախություն հայտնելով, որ իր աղմկահարույց հայտարարություններով հայտնի Թրամփը կարող է սահմանափակել ամերիկացիների իրավուքններն ու ազատություննեը:

«Նա մեկն է, ով փորձում է մեկ հարվածով լռեցնել որքան հնարավոր է շատ մարդկանց», «Նա վիրավորել է ինձ նման հաշմանդամություն ունեցողներին, տարբեր ազգերի ու կրոնների ներկայացուցիչներին, կանանց...նրա հաղթանակը հիմա ուղղակի անհավանական է», «Ես դասավանդում եմ ներգաղթյալների դպրոցում, և իմ բոլոր աշակերտները երեկ ինձ միևնույն հարցն էին տալիս՝ արդյո՞ք մենք պատրաստվում ենք վտարել նրանց Ամերիկայից ...ոչ, ոչ, որովհետև սերը հաղթում է ատելությանը»,- ասում են ցուցարարները:

«Ոչ ռասիզմին», «ոչ խտրականությանը», «առանց ներգաղթյալների Թրամփն ինքը կին չէր ունենա», հայտարարում են նորընտիր նախագահի ընդդիմախոսները: Մինչ այս պահը ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, բացառությամբ՝ Փորթլենդի: Օրեգոնի խոշորագույն այս քաղաքում, ըստ ոստիկանության, Թրամփի դեմ ակցիան վերածվել է անկարգությունների․ ցուցարարները գործի են դրել պայթուցիկ նյութեր, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, մեքենաներ այրել: Ի պատասխան, իրավապահներն արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել, ձերբակալվել է առնվազն 26 ցուցարար:

Հաղորդվում է, որ որոշ քաղաքներում բախումներ են արձանագրվել նաև Թրամփի աջակիցների ու ընդդիմախոսների միջև: Ինքը՝ ընտրյալ նախագահը վստահ է՝ իր դեմ սկսված այս հանրահավաքները ոչ միայն անարդար են, այլև՝ ուղղորդված: «Մենք հենց նոր ենք ավարտել բաց ու հաջողակ նախագահական ընտրությունները, և հիմա, մամուլի դրդմամբ, պրոֆեսիոնալ ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացնում, սա շատ անարդար է»,- ասել է Թրամփը:

Մի քանի ժամ անց, սակայն, նա մեղմել է տոնը՝ «Հիացած եմ փաստով, որ ցուցարարների ոչ մեծ խմբերն այդքան սիրում են մեր մեծ երկիրը: Վստահ եմ՝ մենք կմիավորվենք և կհպարտանանք»,- «Թվիթեր»-ում գրել է Սպիտակ տան նորընտիր ղեկավարը: Մրցակից դեմոկրատական ճամբարում Թրամփի դեմ ցույցերն անսպասելի չեն համարում՝ միաժամանակ ընդգծելով՝ դրանք պետք է բացառապես խաղաղ լինեն:

«Ամերիկայում խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ, և նախագահ Օբաման վստահ է, որ այդ իրավունքը պետք է պաշտպանվի: Միևնույն ժամանակ, այն պետք է իրագործվի առանց բռնության գործադրման: Այն, որ շատերը հիասթափված են ընտրությունների արդյունքներից, զարմանալի չէ, սակայն, կարևոր է, որ հիմա՝ քվեարկությունից մեկ-երկու օր անց, մենք հիշենք՝ մենք ոչ միայն դեմոկրատներ ու հանրապետականներ ենք, այլ առաջին հերթին՝ ամերիկացիներ ու հայրենասերներ: Սա է այն ուղերձը, որին, նախագահ բարաք Օբաման հույս ունի, շատերը ականջալուր կլինեն»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը:

Ավելի վաղ՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո իր առաջին ելույթում, Թրամփի մրցակից, նախկին պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե հանուն Ամերիկայի պատրաստ է համագործակցել Նահանգների նոր առաջնորդի հետ, ընդգծելով՝ ամերիկացիները «պարտավոր են» Թրամփին «մոտենալ առանց նախապաշարմունքների և տալ նրան երկիրն առաջնորդելու հնարավորություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG