Մատչելիության հղումներ

Bloomberg. Մոսկվան զգուշավորություն կդրսևորի ԱՄՆ-ի նոր նախագահի հետ հարաբերություններում


«Կրեմլում կարծում են, որ հնարավոր չի լինի փոխել Միացյալ Նահանգների հակառուսական քաղաքականությունը: Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները չգիտեն, թե ինչ կարելի է սպասել Թրամփից: Նա անկախատեսելի է», - հավելում է Bloomberg-ը:

«Ռուսները հիշում են, որ բոլորովին վերջերս Թրամփը կոչ էր արել խոցել ամերիկյան ռազմանավերին մոտեցած ռուսական օդանավերը: Պետք չէ սպասել, որ Պուտինն ու նրա թիմը միանգամից ոգևորված ընդունելու են Թրամփին: Գոնե սկզբնական շրջանում Մոսկվան սպասողական դիրքորոշում կորդեգրի՝ հասկանալու, թե ինչ քաղաքականություն է մտադիր վարել Միացյալ Նահանգների ընտրված նախագահը», - գրում է Bloomberg-ը:

Ամերիկյան լրատվական գործակալությունը նկատում է, որ Թրամփն «այնքան անկանխատեսելի է, որ կարող են իսկապես լայն հնարավորություններ բացվել ռուս-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար»:

Մյուս կողմից, ինչպես գրում է «Կարնեգի» հիմնադրամի մոսկովյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Տրենինը, Թրամփի անկանխատեսելիությունը «լի է վտանգներով»:

Դաշնային խորհրդի անդամ, Միացյալ Նահանգներում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Լուկինի կարծիքով, Մոսկվան պետք է օգտվի Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու համար ընձեռված այս հնարավորությունից, և «հարաբերությունները նոր էջից սկսելու առաջարկ անի Վաշինգտոնին»:

Իսկ ռուսաստանցի հայտնի փորձագետ Ստանիսլավ Բելկովսկին ասում է, թե Կրեմլը «փոքր-ինչ շփոթված է», քանի որ բոլորի պես սպասում էր, որ ընտրություններում հաղթելու էր Հիլարի Քլինթոնը, և արդեն ուներ մշակված սցենար․ - «Իսկ Թրամփն այնքան անկանխատեսելի է, որ Մոսկվան չգիտի ինչ սպասել նրանից, և չի պատկերացնում, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Վաշինգտոնի հետ»:

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինի պատկերացմամբ՝ Թրամփն այսօր հայտնվել է բարդ իրավիճակում և շատ զգույշ արտաքին քաղաքականություն կվարի, որպեսզի իրեն չմեղադրեն Պուտինին աջակցելու մեջ, քանի որ Պուտին - Թրամփ կապի մասին, գուցե և անտեղի, բայց շատ է խոսվել ընտրարշավի ժամանակ:

Այդուամենայնիվ, Իլյա Յաշինը նույնպես համարում է, որ կանխատեսումներ անել հնարավոր չէ, և այսօր Մոսկվայում բոլորին հետաքրքրում է, թե «ո՞վ է պարոն Թրամփը և ի՞նչ է նա անելու»:

Դոլանդ Թրամփն իր նախընտրական արշավի ժամանակ հայտարարում էր, որ Պուտինը «ուժեղ առաջնորդ է»: Մի անգամ նույնիսկ (2014 թվականին) ասել էր, թե կճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում: Իսկ բոլորովին վերջերս, արձագանքելով Ռուսաստանի գործողություններին Սիրիայում, Փրամփը հայտարարել էր, թե պետք է խոցել ռուսական օդանավերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG