Մատչելիության հղումներ

Ամերիկահայկական առաջատար կազմակերպությունները շնորհավորում են Թրամփին


Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ավարտից հաշված ժամեր անց երկրի ամենաազդեցիկ հայկական կառույցները՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակն ու Ամերիկայի հայկական համագումարը, շնորհավորանքներ են հղում ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին:

«Իր հաղթական ճառում Դոնալդ Թրամփը ազգային միասնության կոչ հնչեցրեց: Դա ճիշտ և ողջունելի քայլ էր», - նշում են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը, հավելելով․ - «Ընտրարշավի ընթացքում նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը մատնանշում էր Թուրքիայի կապերը «Իսլամական պետություն» խմբավորման հետ, ինչպես նաև Թուրքիայում ավտորիտար կարգերի ամրապնդման փաստը: Թրամփը պետք է հաշվի առնի նաև Ադրբեջանում իրադրության կտրուկ վատթարացումն ու այդ պետության կապերը «Իսլամական պետության» հետ: Երկու երկրներն էլ սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարության մեջ էլ կարդում ենք․ - «Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ ինչպես նաև արժանին ենք մատուցում Հիլարի Քլինթոնին` համառ քարոզարշավի անցկացման համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև ամերիկահայ ընտրողներին, որոնք մասնակցության ռեկորդային ցուցանիշ ապահովեցին` աջակցելով դաշնային, նահանգային և տեղական մակարդակներում առաջադրված այն թեկնածուներին, որոնք հետամուտ են լինում մեր համայնքի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը»:

ԱՄՆ-ում գործող երկու հայկական կառույցներն էլ պնդում են, որ երեքշաբթի օրը նախագահական ընտրությունների քվեարկությանը զուգահեռ անցկացված Սենատի և Ներկայացուցիչների տան ընտրություններում հաղթել է հայ համայնքի աջակցությունը վայելող թեկնածուների ճնշող մեծամասնությունը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակն, օրինակ, պնդում է, որ ընտրություններում հաղթել է այդ կառույցի աջակցությունը վայելող թեկնածուների 93 տոկոսը:

Նորընտիր Ներկայացուցիչների տանը ներկայացված կլինեն հայկական կազմակերպությունների աջակցությունը ստացած 122 թեկնածուներից 117-ը, Սենատում`11-ից 7-ը:

«Հպարտությամբ նշում ենք, որ Ներկայացուցիչների տան նորընտիր կազմում հայկական ծագում ունեցող երկու օրենսդիր է աշխատելու` Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականներ Ջեքի Սփայերն ու Աննա Էշյուն», - հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Մոր կողմից հայկական արմատներ ունեցող դեմոկրատ Ջեքի Սփայերը վերընտրվել է Սան Ֆրանցիսկոյի հարավային արվարձաններն ընդգրկող 14-րդ ընտրատարածքում:

Հայ-ասորական ծագում ունեցող, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Աննա Էշյուն քվեների մեծամասնությունն է ստացել այսպես կոչված «Սիլիկոնային հովտի» ոչ պաշտոնական կենտրոն համարվող Պալո-Ալտո քաղաքն ու Սթենֆորդի համալսարանական համալիրն ընդգրկող 18-րդ ընտրատարածքում:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի պնդմամբ թե՛ Սփայերը, և թե՛ Էշյուն ընտրություններում բավական վստահ հաղթանակ են արձանագրել: Նույնը չես ասի Նևադայում առաջադրված հայազգի թեկնածու Դենի Թարխանյանի մասին: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թարխանյանը Լաս Վեգասից հարավ ընկած շրջանները ընդգրկող երրորդ ընտրատարածքում մոտ մեկ տոկոսով զիջել է դեմոկրատ Ջեքի Ռոզենին: 55-ամյա Թարխանյանի համար, ի դեպ, սրանք թվով հինգերորդ անհաջող ընտրություններն էին: 2004-ին Թարխանյանը պարտվել էր Նևադայի Սենատի, իսկ 2006-ին՝ Նևադայի պետքարտուղարի ընտրություններում: 2010-ին արդեն Թարխանյանն անհաջող մասնակցություն ունեցավ Միացյալ Նահանգների Սենատի, իսկ 2012-ին` Ներկայացուցիչների տան ընտրություններում:

Երեքշաբթի օրը կայացած քվեարկության արդյունքում պարզ դարձավ նաև, որ Ներկայացուցիչների պալատի նորընտիր կազմում ընդգրկված կլինեն հայկական խնդիրներին քաջածանոթ և ամերիկահայ կառույցների հետ սերտորեն համագործակցող այնպիսի կոնգրեսականներ, ինչպիսիք են Կալիֆորնիան ներկայացնող Ադամ Շիֆը և Էդ Ռոյսը, Նյու Ջերսիից ընտրված Ֆրենք Փալոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG