Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները շնորհավորել են Դոնալդ Թրամփին


«Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ: «Մենք շնորհավորում ենք ընտրյալ նախագահ Թրամփին և փոխնախագահի պաշտոնում ընտրված Մայք Փենսին: Մենք նաև ողջունում ենք Ամերիկայի այն հայերին, որոնք ողջ երկրում մասնակցել են ընտրական գործընթացներին»,- իրենց ուղերձում, մասնավորապես, նշել են կազմակերպության համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը:

«Հաղթանակելուց հետո ունեցած իր ելույթում ընտրյալ նախագահ Թրամփը ազգային միասնության կոչ է արել: Իսկ քարոզարշավի ընթացքում նա ճանաչել էր Թուրքիայի և «Իսլամական պետության» միջև եղած կապերը, ինչպես նաև այն, որ այդ երկրում աստիճանաբար ավտորիտար ռեժիմ է ձևավորվում:

Բացի այդ, նախագահ Թամփը պետք է արձագանքի նաև Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության վատթարացմանն ու նաև այդ երկրի՝ ԻՊ-ի հետ հետ ունեցած կապերին: Այդ երկու երկրներն էլ [Թուրքիան և Ադրբեջանը] սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը»,- նշել են Բարսամյանն ու Կրիկորյանը:

Թրամփին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Մենք շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ, նաև ողջունում ենք Հիլարի Քլինթոնին՝ իր վարած խիստ բարդ քարոզարշավի համար: Մենք Ողջունում ենք նաև Ամերիկայի այն հայերին, ովքեր այս անգամ ռեկորդային մասնակցություն ունեցան ընտրություններում և՝ գնալով ընտրատեղամասեր՝ իրենց քվեն տվեցին մեր համայնքի համար հատուկ մտահոգություն ներկայացնող հարցերին հետամուտ տեղական և դաշնային թեկնածուներին»,- մասնավորապես, նշված է հանձնախմբի հղած ուղերձում:

Երկու կազմակերպություններն իրենց ուղերձներում նաև գոհունակություն են հայտնել հայամետ թեկնածուների գերակշիռ մեծամասնության՝ (մոտ 93 տոկոսի) Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամ ընտրվելու կապակցությամբ՝ շնորհավորելով նաև նորընտիր սենատորներին ու կոնգրեսմեններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG