Մատչելիության հղումներ

Օսկանյանը չի բացառում, որ իր ղեկավարած «Համախմբումը» կարող է դաշինք կազմել ԲՀԿ-ի հետ


Գագիկ Ծառուկյանը ընդդիմադիր քաղաքական բևեռ ձևավորելու հարցում կարող է լուրջ դերակատարություն ունենալ, այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց նախկին արտգործնախարար, նորաստեղծ «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք՝ Օսկանյանը լքեց «Բարգավաճ Հայաստանը» այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած սուր հակասությունից հետո հեռացավ քաղաքականությունից:

Ստեղծելով իր կուսակցությունը՝ այսօր արդեն Վարդան Օսկանյանը հայտարարում է՝ կարևոր է, որպեսզի մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր ուժերը մասնակցեն դաշինքով: Ուշագրավ է, որ ի պատասխան «Ազատության» հարցին, Օսկանյանը չբացառեց, որ իր ղեկավարած «Համախմբումը» առաջիկայում կարող է դաշինք կազմել «Բարգավաճ Հայաստանի» հետ:

«Ազատություն»․ - Ո՞ր ուժերին եք տեսնում ձեզ գործընկեր, հնարավո՞ր է «Բարգավաճ Հայաստանի» հետ դաշինքով մասնակցեք առաջիկա ընտրություններին, հաշվի առնելով, որ առաջիկայում այդ կուսակցությունը կղեկավարի նաև Գագիկ Ծառուկյանը:

Օսկանյան․ - Ես այս պահին որևէ կուսակցության անուն չեմ տա, միայն կասեմ, որ մենք ոչինչ չենք բացառում, պատրաստ ենք բոլորի հետ նստել-խոսել և ընդհանուր եզրեր գտնել: Այստեղ սկզբունքը մեկն է․ մենք բոլորս հասկանում ենք, որ այդ բևեռի անհրաժեշտությունը ժողովրդի պահանջն է: Եվ միայն դրանով կարելի է իսկապես մրցունակ լինել մեր առաջ կանգնած բոլոր տեսակի ընտրական և այլ խնդիրների և մարտահրավերների ֆոնին:

«Ազատություն»․ - Քանի որ չեք բացառում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ձեր համագործակցությունը, ի՞նչ եք կարծում, Գագիկ Ծառուկյանի վերադարձը ի՞նչ կփոխի քաղաքական դաշտում, արդյո՞ք կա նրա վերադարձի անհրաժեշտությունը այսօր:

Օսկանյան․ - Ես կփորձեմ խուսափել նաև այդ հարցից, այնքան ժամանակ, որ պարոն Ծառուկյանը դեռևս ինքը անձամբ հայտարարություն չի արել: Բայց ես հետևյալը կասեմ: Ես անձամբ, և նաև մեր քաղաքական թիմը Ծառուկյանի հետ երկար ժամանակ աշխատել ենք, մենք ճանապարհ ենք անցել և ես համոզված եմ՝ նաև իմ գործընկերները չենք փոշմանել: Մենք միասին Ծառուկյանի հետ մի խնդիր էինք դրել, որ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով երկրում իրավիճակ փոխել: Դա էր նպատակը, որովհետև մենք զգում էինք, շփվելով ժողովրդի հետ, որ սա ժողովրդի պահանջն է: Դրա համար էլ ես ասացի, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները իսկապես տալիս են այդ հնարավորությունը, որ մենք օրինական ճանապարհով կարողանանք ճիշտ քայլերով, համախմբմամբ, դաշինքներով, քաղաքական բևեռ ստեղծելով, մրցունակ լինել, գնալ և հաղթել և կարողանալ երկրում իրավիճակ փոխել:

«Ազատություն»․ - Գագիկ Ծառուկյանը կկարողանա՞ այդ քաղաքական բևեռ ձևավորելու հարցում լուրջ դերակատարություն ունենալ:

Օսկանյան․ - Իհարկե, կարող է ունենալ, բայց նորից եմ ասում՝ ես այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի, այնքան ժամանակ, որ դեռևս ինքը՝ Ծառուկյանը, որևէ հայտարարություն այդ կապակցությամբ չի արել:

Դե, իսկ մինչ Ծառուկյանի հայտարարությունը՝ Վարդան Օսկանյանն ու իր քաղաքական թիմն ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում առաջիկայում ձևավորվի համախոհ կուսակցությունների քաղաքական բևեռ, քանի որ դա է հասարակության հրամայականը: Բայց եթե չհաջողվի դա անել, ապա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Համախմբումը» կմասնակցի առանձին ցուցակով, որը կգլխավորի նախկին արտգործնախարարը․ - «Ժամանակը ցույց կտա, բայց ես դրա նախանշանները տեսնում եմ: Հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո բոլորն արդեն գիտակցում են, որ այլ ճանապարհ չկա, և ովքեր որ խուսափեն դաշինքներից, ինքնին արդեն իրենց երեսը ցույց կտան, թե միգուցե այլ նպատակների են Ծառայում: Եթե պատահի այնպես, որ «Համախմբում» կուսակցությունը ընտրություններին գնա առանձին, ուզում եմ նաև հայտարարել, որ ցուցակը գլխավորելու եմ ես: Բայց երբ մենք կգնանք դաշինքով, ուզում եմ նաև հայտարարել, որ անձամբ ես և «Համախմբում» կուսակցության յուրաքանչյուր անդամ պատրաստ է իրենց անձնական հավակնությունները մի կողմ դնել և շարժվել ըստ իրավիճակի, ըստ նպատակահարմարության»:

Նախկին արտգործնախարարը նշում է՝ քաղաքական մենաշնորհը վերացնելուց զատ Հայաստանում տնտեսական բեկում է պետք․ - «Երկիրն այսօր տնտեսական պատերազմի մեջ է, և եթե դա տանուլ տանք, ապա դատապարտված ենք վատ հետևանքների: Մենք պետք է կարողանանք տնտեսության միջոցով բեկում առաջացնել, և ոչ թե հույսը դնել մեր զինվորների կյանքի գնով ռազմաճակատում բեկում առաջացնել»:

Նախկին արտգործնախարարն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրի կարգավորմանն՝ ընդգծելով՝ հայկական կողմին շատ բարդ բանակցություններ են սպասվում, հատկապես, որ մտահոգիչ խնդիրներ են ի հայտ եկել: Վարդան Օսկանյանի կարծիքով այսօր Ղարաբաղի կարգավիճակի հարցը երկրորդական պլան է մղվել, հայկական կողմը, կարծես թե, հեռացել է ինքնորոշման իրավունքի սկզբունքից, ինչն անթույլատրելի է․ - «Ինչ-որ իրավիճակ է փոխվել, ես տեսնում եմ: Ես այդ մտահոգությունը ունեմ: Հիմի պետք է կարողանալ նորից շեշտադրումը փոխել: Դա անելու համար արդեն չես կարող ասել՝ մոռացեք տարածքը, գնանք խոսենք իրավունքից: Դու արդեն մի հարթություն վերև պետք է տանես, որ դրա միջինը՝ այնպիսի մի տեղ գա, որ քեզ համար ավելի բարձր լինի, քան զուտ իրավունքի մասին խոսելուց: Այդ առումով, օրինակ, Շուգարյանի ասածը այդ տրամաբանության մեջ է: Ես մի տեղ կարդացի՝ ինքը մոտավորապես նաև այս միտքն է ասել, որ մեր խնդիրը հիմա՝ պետք է ճանաչման վրա գնալ: Իրոք դա է․ այսօր դիվանագիտական կարևոր քայլ կլինի, հիմա պահն է, որ մենք մի հարթություն վերև գնանք, որպեսզի թույլ չտանք գոնե մի քայլ հետ գնալով շեշտը լինի նորից տարածքների վերադարձի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG