Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները շնորհավորում են Դոնալդ Թրամփին


Դոնալդ Թրամփը արտերկրից շնորհավորանքներ սկսեց ստանալ իր հաղթական ճառի ավարտից հաշված րոպեներ անց: Առաջին շնորհավորանքները, ի դեպ, Մոսկվայից և Անկարայից էին:

Նախ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Թրամփին շնորհավորական հեռագիր է հղել, որում հույս է հայտնել, թե Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնավարման օրոք Մոսկվան և Վաշինգտոնը կկարողանան կառուցողական հարաբերություններ զարգացնել:

Հայտարարության հրապարակումից մոտ մեկ ժամ անց Ռուսաստանի նախագահը մասնակցեց մի շարք պետությունների` Մոսկվայում նշանակված դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը, որի ընթացքում բավական մանրամասնորեն անդրադարձավ Թրամփի հաղթանակին:

«Մենք ուշադրությամբ հետևում էինք Միացյալ Նահանգներում ընթացող ընտրարշավին: Ցանկանում եմ շնորհավորել ամերիկացի ժողովրդին այս ընտրափուլի ավարտի առթիվ: Ռուսաստանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ` ամբողջական ձևաչափով: Մենք տեսանք, որ Դոնալդ Թրամփը քարոզարշավի ընթացքում հայտարարում էր, որ պատրաստ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դա հեշտ գործ չի լինի, բայց ամեն դեպքում Ռուսաստանը պատրաստ է անցնել [դեպի հարաբերությունների կարգավորումը տանող] ճանապարհի իր հատվածը: Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը դրականորեն կազդի միջազգային հարաբերություններում առկա ողջ մթնոլորտի վրա», - նշել է Պուտինը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թրամփի ընտրությունը դրական գնահատեց` ամերիկյան ընտրությունների մասին խոսելով այսօր Արդյունաբերողների և գործարարների թուրքական ընկերակցության Ստամբուլում կայացած համաժողովի ընթացքում:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգների ժողովրդի ընտրությունը կհանգեցնի այնպիսի քայլերի, որոնք կարող են նպաստել ազատությունների, մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության զարգացմանը մեր տարածաշրջանում», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ինչ վերաբերում է եվրոպացի առաջնորդներին, ապա առաջիններից մեկը Թրամփին շնորհավորանքի խոսքեր ուղղեց Վաշինգտոնի մերձավորագույն դաշնակցի` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը․ - «Ես ցանկանում եմ շնորհավորել ԱՄՆ հաջորդ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփին` ծանր ու համառ ընտրարշավի արդյունքում տարած հաղթանակի առթիվ: Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահաննգերի հարաբերություններն ամուր են և առանձնահատուկ` հիմնված միևնույն արժեքների` ազատության, ժողովրդավարության և գործարար կապերի վրա: Վստահ եմ, որ մենք կշարունակենք մեր սերտ համագործակցությունը առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում»:

Եվրամիության կին առաջնորդներից ևս մեկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես հարկ համարեց շնորհավորել Դոնալդ Թրամփին՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին մի քանի անգամ խստորեն քննադատել էր նախագահության հանրապետական թեկնածուին:

«Ես շնորհավորում եմ Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփին: Ինչպես և ձեզանից շատերը, ես նույնպես այս ընտրությունների արդյունքներին տագնապով էի հետևում: Բայցևայնպես պետք է հստակ ընդգծել` Եվրամիության սահմաններից դուրս չկա մեկ այլ պետություն, որի հետ Գերմանիան ավելի սերտ կապեր ունենա, քան Միացյալ Նահանգները», - ասել է Մերկելը:

Իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ամերիկյան ընտրությունների ավարտից հետո էլ չի թաքցնում, որ այսօր կգերադասեր շնորհավորել Հիլարի Քլինթոնին, այլ ոչ թե Դոնալդ Թրամփին․ - «Ես շնորհավորում եմ նրան, ինչպես և հարիր է երկու ժողովրդավարական պետությունների ղեկավարներին: Բայցևայնպես ես մտածում եմ Հիլարի Քլինթոնի մասին, ում հետ աշխատել եմ Օբամայի նախագահության ընթացքում: Ամերիկյան ընտրություններից հետո մենք անորոշության շրջան ենք մուտք գործում»:

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը անձամբ է շնորհավորել ամերիկյան ընտրությունների հաղթողին` հույս հայտնելով, որ Պեկինն ու Վաշինգտոնը առաջիկա տարիներին կկարողանան արդյունավետ համագործակցություն ծավալել:

«Չինաստանը, որպես աշխարհի խոշորագույն զարգացող պետություն, և Միացյալ Նահանգները, որպես աշխարհի խոշորագույն զարգացած երկիր, գլոբալ խաղաղության և կայունության պահպանման գործում հատուկ պատասխանատվություն են կրում»․ - նշել է Սի Ձինպինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Ի դեպ, համաշխարհային առաջնորդներից առաջինը, ում հաջողվել է զանգահարել և անձամբ շնորհավորել Միացյալ Նահագների 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված Թրամփին, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG