Մատչելիության հղումներ

Ալիևը շնորհավորել է Թրամփին և հույս հայտնել, որ նա կնպաստի ԼՂ խնդրի կարգավորմանը


«Ադրբեջանը երկար տարիներ տառապում է Հայաստանի զավթողական քաղաքականության պատճառով: Մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է»,- Թրամփին ուղղած իր նամակում գանգատվել է Ադրբեջանի նախագահը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հույս հայտնել, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները «առաջիկայում ևս հաջողությամբ կզարգանան»:

«Ադրբեջանը երկար տարիներ տառապում է Հայաստանի զավթողական քաղաքականության պատճառով: Մեր տարածքների 20 տոկոսն օկուպացված է, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի դարձել են փախստական կամ ստիպողաբար տեղահանվածներ:

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է միջազգային հանրության և միջազգային բոլոր կազմակերպությունների կողմից: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը պահանջում են անհապաղ ու անվերապահորեն դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական տարածքներից՝ Հայաստանը անտեսում է դա:

Մեր վճռական դիրքորշումն է՝ հակամարտության հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի, ՆԱՏՕ-ի, Եվրախորհրդարանի, «Իսլամական համաժողով»-ի կազմակերպության, Չմիավորված շարժման և միջազգային այլ կազմակերպությունների բանաձևերն ու որոշումները պետք է կատարվեն:

Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հուսով եմ, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանխագահ երկիր, ԱՄՆ-ն ձեր ղեկավարության ներքո իր ներդրումը կունենա այդ հակամարտության կարգավորման մեջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- գրել է Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG