Մատչելիության հղումներ

Դեսպան. Ով էլ ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի գործընկերը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ մասնավորապես նշելով․ - «Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան: Երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին»:

Այսօր առավոտյան, երբ ընտրությունների արդյունքները դեռ անորոշ էին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը վստահեցրեց․ - «Ով էլ ընտրվի Միացյալ Նահանգների նախագահ, մենք հավատարիմ կմնանք ողջ աշխարհում մեր ընկերներին, և միանշանակ նաև Հայստանին»:

«ԱՄՆ-ի կառավարության համար առաջնահերթ կմնա անկախ ու բարգավաճ հարևանների հետ հաշտ Հայաստանի կառուցումը՝ անկախ այն բանից, թե ով կլինի հաջորդ նախագահը։ Մենք Հայաստանի համար կմնանք կայուն, հաստատուն գործընկեր՝ շարունակելով աշխատել ապահովելու այս երկրի հարուստ ու բարգավաճ ապագան, որին Հայաստանի քաղաքացիները արժանի են», - հայտարարեց նա։

Դեսպան Միլսի կարծիքով, ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունից հետո արտաքին քաղաքականության 80 տոկոսը մնում է անփոփոխ: Նա այս տեսակետը հայտնեց՝ հղում կատարելով ամերիկյան դիվանագետ, դեսպան Տոմ Փիքերին, ով նաև որպես պետքարտուղարի տեղակալ է աշխատել․ - «Նա ինձ ասաց՝ Ռիք, իմ փորձից եմ ասում, որ կուսակցությունն էլ գա իշխանության, արտաքին քաղաքականության 80 տկոսոը մնում է նույնը։ ԱՄՆ-ի արժեքները, ազգային շահերը, աշխարհում մեր ընկերները արմատապես չեն փոխվում, երբ նոր նախագահ է ընտրվում։ Իսկ այդ 20 տոկոսը, որը փոփոխվում է, կապված է նոր նախագահի շատ որոշակի առաջնահերթությունների հետ, երբ նա որոշ հարցեր առաջ է մղում, մյուսները՝ հետ»։

Ռիչարդ Միլսի խոսքով, արդեն հունվարին, երբ նոր նախագահը գնա Սպիտակ տուն, հայտնի կդառնա, թե որոնք կլինեն ԱՄՆ-ի 45-րդ նախագահի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Նա նաև ընդծեց, այնուամենայնիվ, ով էլ դառնա նախագահ, երկրում տեղի է ունենալու խաղաղ իշխանափոխություն՝ ԱՄՆ-ի սահմանդրության և ժողովրդավարական ավանդություների համաձայն․ - «Ժողովրդավարության համար անհրաժշետ է ունենալ ազատ և անկախ մամուլ, որը կարող է քննարկել թեկնածուների ծրագրերի առավելություններն ու թերությունները: Անհրաժեշտ է ունենալ լիարժեք և ուժեղ քաղաքացիական հասարակություն, որը կձևավորի ընտրազանգված և թեկնածուներին կներկայացնի այդ մարդկանց համար մտահոգիչ և կարևոր խնդիրենրը: Եվ վերջապես անհրաժեշտ է նաև, որ կառավարությունը, նախագահի թեկնածուներն ու ընտրողները մի հարցում համակարծիք լինեն՝ որքան էլ լուրջ լինեն հակասությունները տարբեր հարցերում, միևնույնն է, ընտրությունից հետո մենք շարժվում ենք առաջ, մի կողմը վերցնում է իշխանությունը, մյուսը դառնում է կառուցողական ընդդիմություն»։

Հայաստնաում ԱՄՆ-ի դեսպանության քաղաքական և տնտեսական հարցերով բաժնի ղեկավար Մեթյու Յուսենը, անդրադառնալով արդեն 2017-ի Հայաստանի ընտրություններին, ընդգծեց, որ շատ կարևոր է, որ Սահմանադրությամբ ու նոր Ընտրական օրենսգրքով ամրագրված փոփոխությունները իսկապես կյանքի կոչվեն․ - «Ազատ ու անկախ ընտրություններ Հայաստանում միանշանակ հնարավոր է ունենալ: Մենք ցանկանում եք տեսնել իշխանությունների տված խոստումների իրականացումը և ուզում ենք տեսնել միմյանց հետ աշխատող ընդդիմություն, որը իսկական այլընտրանք է առաջարկում Հայաստանի ժողովրդին: Այսինքն անելիք ունի ոչ միայն կառավարությունը, այլև ընդդիմությունը: Բոլորը կուսակցությունները պետք է ջանքեր գործադրեն, որ ժողովրդավարությունն այս երկրում աշխատի։ Բայց իշխանությունների պարտավորությունն է բոլորի համար խաղի հավասար պայմանների ստեղծումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG