Մանհեթենի այն ընտրատեղամասում, որտեղ քվեարկելու է ԱՄՆ-ի նախագահի հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը, երկու կին էին մերկացել, այդպիսով արտահայտելով իրենց բողոքը:
Մինչև գոտկատեղը մերկացած կանանց ընտրատեղամասից դուրս են բերել ոստիկաններն ու անվտանգության ծառայության աշխատակիցները:
New York Post-ը նշում է, որ մերկ կանանց ակցիայի ժամանակ Դոնալդ Թրամփը դեռ չէր ժամանել ընտրատեղամաս: Դեռևս պարզ չէ, թե այդ երկու կանայք արդյո՞ք ձերբակալվել կամ բերման են ենթարկվել:
Այս միջադեպից քիչ անց իր կնոջ՝ Մելանիայի, և դստեր՝ Իվանկայի ուղեկցությամբ ընտրատեղամաս ժամանեց Դոնալդ Թրամփը: Նա դրսում ողջունեց համակիրներին, իսկ ներսում քաղցրաբլիթներ գնեց մի աղջնակի համար: Ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, ով քվեարկելուց հետո կարճ ելույթ էր ունեցել, Դոնալդ Թրամփը գերադասեց լռություն պահպանել:
Այսօր առավոտյան նա զանգահարել էր Fox & Friends առավոտյան շոուին:
«Ես մի փոքր սնահավատ եմ, ես շատ փրայմերիզներ եմ հաղթել՝ այդ օրը առավոտյան առաջինը խոսելով ձեզ հետ», - ասել է Թրամփը Fox & Friends առավոտյան շոուին: