Մատչելիության հղումներ

Նալբանդյանն ահազանգում է Ադրբեջանի նոր ագրեսիայի հնարավորության մասին


Հայաստանի արտգործնախարարի խոսքով, առաջիկա զորավարժություններում ընգրկված է «ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը»:

«Ադրբեջանն ինչպես միշտ նորից սրում է իրավիճակը՝ հայտարարելով լայնածավալ զորավարժությունների մասին, որում ընդգրկված է ադրբեջանական բանակի գրեթե ողջ ներուժը»: Այսօր այս մասին, լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, շարունակելով՝

«60 հազարանոց զորք, տանկեր, հրթիռներ և այլն: Դա նաև Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն պետք է իրենք 42 օր առաջ տեղյակ պահեին, եթե նույնիսկ 9000-ի է հասնում զորքի մասնակցությունը: Բայց խոսում են 60 հազարի մասին․․․ ոչ միայն տեղյակ չեն պահել, այլ նաև Համբուրգից առաջ գնում են այսպիսի քայլի, որն, իհարկե, սրում է իրավիճակը, բացի այն, որ սաստկացրել են խախտումները հրադադարի թե՛ շփման գծում, և թե՛ ընդհանրապես հակամարտության գոտում»:

Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը նախատեսված է ԵԱՀԿ նախարարական խորհրդի տարեկան հանդիպումը, որի ընթացքում, ըստ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի օրեր առաջ տված հարցազրույցի, նախատեսված է նաև Հայաստանի և Ադբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Սակայն, այսօր Նալբանդյանը նշեց, որ արտգործնախարների համբուրգյան հանդիպման ձևաչափն առայժմ հստակեցված չէ։

«Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն և տեսնենք, թե ինչպիսին կլինեն առաջարկները․․․ բայց մի բանում վստահ եմ՝ եռանախագահների հետ հանդիպումներ լինելու են»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նալբանդյանի խոսքով, Բաքուն անում է ամեն ինչ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, մինչդեռ «Հայաստանը ոչ միայն երբևէ չի հրաժարվել հանդիպումներից, այլ միշտ ընդունել է եռանախագահների առաջարկած շրջանակը»։

«Ոմանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի կտրուկ սրման, հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին՝ Ադրբեջանի սանձազերծած այդ լայնածավալ ռազմական գործողությունների տեսքով, և ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների ջանքերը, Հայաստանի հետ միասին, ուղղված են այն բանին, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղվի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG