Մատչելիության հղումներ

«Չափազանց ծանր վիճակում» գտնվող տնտեսությունում աղքատների թիվը կրճատվել է


Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, արխիվ:
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, արխիվ:

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանում է, որ տնտեսությունը գտնվում է «չափազանց ծանր վիճակում», Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հայտարարարում է, որ նման պայմաններում աղքատությունը Հայաստանում շարունակում է կրճատվել:

Այսօր հրապարակված ԱՎԾ զեկույցի համաձայն, անցած տարի աղքատ է եղել երկրի բնակչության 29.8 տոկոսը, ինչը 0.2 տոկոսային կետով ցածր է 2014 թվականի ցուցանիշից․ նախանցած տարի աղքատ էր բնակչության 30 տոկոսը:

Նշանակման հաջորդ իսկ օրը Ազգային ժողովում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ․ - «Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, և այս պահին ես կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր է»:

Այսօր հետաքրքրվեցինք ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանից, թե ինչպես կարող է չափազանց ծանր վիճակում գտնվող տնտեսությունում աղքատների թիվը կրճատվել: Պաշտոնյայի արձագանքն ուշագրավ էր․ - «Վիճակագրորեն չափակցումը իրականացվում է ժամանակի և տարածության մեջ: Ժամանակի մեջ երեք հարթություն ենք դիտարկում․ մեկը անցյալը, դա պատմությունն է: Իսկ պատմությունը, ինչպես Նապոլեոն Բոնապարտն էր ասում, դա որպես իրականություն ներկայացվող համաձայնեցված սուտն է, անցյալը: Իսկ ապագան էլ դա անցյալում չիրականացված երազանքների ցանկն է՝ ըստ որոշակի առաջնահերթությունների: Կարևորը իրականությունն է: Իսկ իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, և ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում: Մենք՝ վիճակագիրներս, միջազգային մակարդակում զբաղվում ենք այն իրականությամբ, որին բոլորը նայում են: Կապ չունի, թե այդ իրականությունը ում դուրը ինչքանով է գալիս: Ես շատ եմ ցավում, բայց ես այլ պատասխան այս պահին չեմ կարող տալ»:

Է՛լ ավելի ուշագրավ է այն, որ չնայած նախորդ վեց տարին շարունակվող տնտեսական աճին, որը, ըստ պաշտոնական տվյալների, 2010-2015 թվականներին տարեկան միջինը կազմել է 4 տոկոս, աղքատության մակարդակը Հայաստանում, միևնույն է, ավելի բարձր է, քան 2008-ին՝ տնտեսական ճգնաժամին նախորդած տարում: Այն ժամանակ աղքատ էր բնակչության 27.6 տոկոսը:

Մնացականյանին խնդրեցինք արձագանքել նաև այս թվերին․ փաստորեն, իշխանությունների հռչակած նման տնտեսական աճը բավարար չի՞ եղել հասնելու աղքատության նախաճգնաժամային մակարդակին: Որպես առաջին պատճառ ԱՎԾ նախագահը նշեց եկամուտների անհավասար բաշխումը բնակչության շրջանում: Այլ կերպ ասված Հայաստանում ստեղծված բարիքից ավելի շատ օգտվել են հարուստները, քան աղքատները․ - «Երբ որ խոսքը վերաբերում է նյութական աղքատության և տնտեսական աճի կորելյացիաներին, ապա այստեղ, եթե նկատում եք, մեջ է բերվում, անհավասարության Ջինի գործակիցը․․․ ինչը նշանակում է ըստ եկամուտների և ըստ ծախսերի, ըստ սպառման: Այսինքն անհավասարություն»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, պատճառներից մեկը, որ Հայաստանում եկամուտները հավասարաչափ չեն բաշխվում, այն է, որ տնտեսությունում գերիշխող դիրք ունեն օլիգարխները, ոչ թե փոքր ու միջին բիզնեսը․ - «Շատ ավելի դժվար է եկամուտներից զրկել ավելի ուժեղներին, քան ավելի թույլերին: Բնականաբար, տնտեսությունը ավելի դանդաղ աճի տեմպեր է ցույց տալիս, վատթարանում է վիճակը, ռեսուրսները պակասում են․․․ Այդպիսի պայմաններում, բնականաբար, ավելի խոցելի են դառնում ավելի թույլ շերտերը»:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք․ ԱՎԾ զեկույցի համաձայն, այն անձը, ով 2015-ին ամսական ունեցել է 41 698 դրամից ավելի եկամուտ, չի կարող աղքատ համարվել:

Այսօր Երևանի փողոցներում փորձեցինք պարզել՝ արդյո՞ք Հայաստանում մարդ կարող է ապրել ամսական 42 հազար դրամով:

«Դա ծիծաղելի է: Ուրիշ բան չեմ գտնում ասելու», - ասաց թոշակառու մի կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG