Մատչելիության հղումներ

Ռուբեն Հախվերդյանին կնվագակցի Հայաստանի կամերային նվագախումբը


Նոյեմբերի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հեղինակային երգի ամենասիրված կատարողներից Ռուբեն Հախվերդյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ «Կտրուկ շրջադարձ» խորագիրը կրող համերգը:

Ծրագրում Ռուբեն Հախվերդյանի երգացանկի լավագույն երգերն են, նաև այլ ստեղծագործությունները՝ անվանի կոմպոզիտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանի մշակմամբ և գործիքավորմամբ:

«Շատ գեղեցիկ ստեղծագործություններ են: Ես այդ ստեղծագործությունները շատ սիրում եմ և սիրելով եմ գործիքավորել և մշակել», - համերգին ընդառաջ հրավիրված ասուլիսում ասաց Զարիֆյանը:

«Ազատության» հարցին, թե ինչու է համերգի նման խորագիր ընտրվել, Ռուբեն Հախվերդյանն արձագանքեց․ - «Գիտեք ինչ, ճշմարտությունը կլոր է: Կարող է համարվի նաև կառավարական այս փոփոխությունները, որ կտրուկ շրջադարձ էր՝ չակերտների մեջ: Նաև կտրուկ շրջադարձ, որ մեծ խմբով, համարյա թե սիմֆոնիկ հնչողությամբ ներկայացնում եմ իմ երգերը․․․ Շատ էլ կտրուկ շրջադարձ չի, որովհետև բավականին գործեր իրար հետ աշխատել ենք, մեծ օրկեստրով: Ինձ դուր ա գալիս շատ: Ոմանք կարող ա չհավանեն, ոմանք կասեն՝ ինքը մենակ կիթառով հետաքրքիր ա: Նայած ում ճաշակին»:

Համերգի մտահաղացումը, ինչպես ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, երկուստեք է եղել․ - «Առաջին անգամ և, հուսով եմ, ոչ վերջին․․․ Ես մինչև խոսել սովորելը արդեն իր երգերը երգում էի՝ առանց հասկանալու բառերը: Ինչ ծնվել եմ՝ Ռուբեն Հախվերդյանը եղել ա ամենահետաքրքիր և սիրված և կարևոր և պոետիկ․․․ մարդկանցից մեկը: Ես շատ զգացված եմ այսօր, որ գտնվում եմ իր կողքին, նույն բեմի վրա: Ճիշտն ասած՝ եթե մի քսան տարի առաջ ինձ այդպիսի բան ասեին, ես կծիծաղեի, կասեի՝ պարզապես անհնարին է: Իսկ հիմա․․․ կտրուկ շրջադարձ է դառնում»:

«Նարինեն նենց ա արել, որ ո՛չ ես խանգարում օրկեստրին, ո՛չ էլ օրկեստրը՝ ինձ: Դա ամենակարևորն է», - հավելեց Հախվերդյանը:

«Ազատության» հարցին, թե արդյոք համերգին հնչելու են նոր երգեր, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց․ - «Էս ժանրը, ինչպես ինձ Իտալիայում ասացին, էլի շատ հայտնի մեկն էր, որ երգեր էր գրում, հինգ տարին, տասը տարին մի անգամ ա ծնվում: Ու ոնց ա էդ մարդը հարստանում․ բոլոր ռադիոկայաններով, հեռուստակայաններով դա դառնում ա համար առաջին երգը․․․ Եվ ես կարող եմ օրը տասը հատ երգ գրել, կարամ օրը քսան հատ երգ գրել․ բայց դրանք չեն մնա երկար, որովհետև էս տեսակի երգ գրելը՝ խոսք ու երաժշտություն միասին, որը ունենա նաև բանաստեղծական արժեք, բավականին մեծ դժվարությամբ ա ստեղծվում: Եթե դուք հիշում եք, Չելենտանոն քսան տարի առաջ նույն երգերն էր երգում, և հիմա էլ լսում ես ու հիանում ես՝ թեև խոսքերն էլ չենք հասկանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG