Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային գործակալությունը և Հետախուզության ծառայությունն ուսումնասիրում են օրերս շրջանառության մեջ դրված կեղծ փաստաթղթերը, որոնց նպատակն է վարկաբեկել նախագահության դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Լուրը տարածել է Reuters-ը՝ պնդելով, թե անանուն սկզբնաղբյուրն ունի հավաստի տեղեկություններ և՛ Քլինթոնի ընտրարշավի շտաբից, և՛ պատկան հիմնարկներից:
Այդ փաստաթղթերի ծագումը հետազոտվում է արդեն ընթացքի մեջ գտնվող առավել ընդարձակ հետաքննության շրջանակներում, որի նպատակն է բացահայտել ամերիկյան ընտրությունների խափանմանն ուղղված ռուսների գործողությունները:
Վերջին փասստաթղթերից է մի նամակ, որը իբր Քլինթոնին է հասցեագրել դեմոկրատ սենատոր, ներքին անվտանգության հանձնաժողովի անդամ Թոմ Քարփերը: Նամակում գրված է. «Մենք թույլ չենք տա, որ դու պարտվես»: Սենատորն անմիջապես հայտարարել է, որ դա կեղծ գրություն է:
Քարփերին վերագրվող այդ կեղծ նամակից զատ, կա նաև դեմոկրատ գործարար Ջոել Բենենսոնին պատկանող Benenson Strategy Group ընկերության տարբերանշանով 7 էջից բաղկացած էլեկտրոնային գրություն, որում ասվում է, թե Հիլարի Քլինթոնի վարկանիշը իբր լուրջ անկում է գրանցել, ուստի անհրաժեշտ է մինչև նոյեմբեր էապես փոխել ռազմավարությունը: Գրությունում ասվում է, որ այդ նպատակով կարելի է կազմակերպել զանգվածային անկարգություններ, լուրեր տարածել ճառագայթող նյութերով ինքնաշեն ռումբերի վտանգի մասին, ձեռնարկել քայլեր, որոնց արդյունքում նոյեմբերի 8-ի քվեարկությունը կխափանվի:
Քլինթոնի շտաբը «աղաղակող կեղծիք» է անվանել Benenson Strategy Group-ին վերագրվող այդ գրությունը:
Reuters-ը նշում է, որ Դեմոկրատական կուսակցության կայքէջերի վրա հաքերային հարձակումները բացահայտելու համար Հետաքննությունների դաշնային գործակալությունը կուսակցությանը խնդրել է տրամադրել բոլոր կեղծ փաստաթղթերը, որոնք կայքը կոտրելու օրերին բնագրերի հետ մեկտեղ հայտնվել են սերվերներում :
ԱմերիԿյան հետախուզության պաշտոնյաները ենթադրում են, որ դեմոկրատ թեկնածուին և ընդհանրապես ամերիկյան ընտրությունները ցանկացած գնով վարկաբեկելու այս արշավին Մոսկվան է սատարում:
Ըստ փորձագետների, կոտրելով Գեմոկրատական կուսակցության, ինչպես նաև այլ կառույցների կայքէրը, հաքերները կարող են փորձել կեղծ տեղեկություններ տարածել, այդ թվում՝ պնդումներ ընտրությունների գործընթացի խախտումների մասին:
Մոսկվան կտրականապես հերքում է հաքերային գործունեթւթյան հետ առնչություն ունենալու մեղադրանքը:
Ռուսաստանում փորձում են կռահել, թե ինչ ազդեցություն կունենա ընտրությունների հնարավոր արդյունքը ռուս-ամերիկյան հարաբերությունների համար:
Անկախ փորձագետ Մաշա Լիպմանի համոզմամբ, դժվար Թե Ռուսաստանում որևէ մեկը, և առաջին հերթին նախագահ Վլադիմիր Պուտինը, ենթադրի, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը ձեռնտու է Մոսկվային, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե ընտրվելու դեպքում ինչ քաղաքականություն կվարի Թրամփը:
Քլինթոնի դեպքում հստակ է, որ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը կլինի չափազանց կոշտ:
«Կարծում եմ, կլինի առճակատման տևական շրջան: Միակ հույսս այն է, որ կողմերը խոհեմ կգտնվեն և կկանխեն առավել վտանգավոր զարգացումները», - ասել է Լիպմանը: