Մատչելիության հղումներ

Թուրքիայում կալանավորվել են քրդամետ ԺԴԿ-ի համանախագահները


Քրդամետ պատգամավորների ձերբակալության դեմ բողոքի ցույց Անկարայում: 4-ը նոյեմբերի, 2016 թ․
Քրդամետ պատգամավորների ձերբակալության դեմ բողոքի ցույց Անկարայում: 4-ը նոյեմբերի, 2016 թ․

Թուրքիայում կալանավորվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության ևս երեք պատգամավոր: Երեկ ձերբակալված ևս յոթ պատգամավորներից երեքն ազատ են արձակվել:

Երեկ երեկոյան Դիարբեքիրում իր տանը ձերբակալված Դեմիրթաշը տեղափոխվել է դատարան, որտեղ հրաժարվել է հարցաքննությունից՝ հայտարարելով, թե «դատական թատերախաղի դերակատար չի դառնա»:

Թուրքական դատախազության պարզաբանմամբ` ձերբակալությունները իրականացվել են ահաբեկչության դեմ պայքարի գործով հետաքննության շրջանակներում: Քրդամետ կուսակցության պատգամավորները մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանուն խմբավորման հանցանք կատարելու, ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով քուրդ պատգամավորների ձերբակալության մասին, հայտարարել է, որ իրականացված գործողությունները օրինական են: Նրա խոսքերով՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները հրաժարվել են ներկայանալ դատարան և ցուցմունք տալ, այդ պատճառով էլ նրանց ձերբակալելու օրինական որոշում է կայացվել:

Նման մեկնաբանություն է արել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նա նշել է, որ բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, իսկ ձերբակալված պատգամավորները չեն ենթարկվել օրենքին:

Մինչ թուրքական իշխանությունները օրինական և արդար են որակում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը, Թուրքիայում և նրա սահմաններից դուրս այս գործողությունների շուրջ բողոքի մեծ ալիք է բարձրացել:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները տեղի ունեցածը անվանել են «հարված ժողովրդավար քաղաքականության սրտին»:

Կուսակիցների ձերբակալության մասին խոսել է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: Նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է պայքարը շարունակելու վճռականության մասին` իրականացվող գործողությունները համարելով «ընդդիմադիր ձայների լռեցում»:

Իշխանությունների ձեռնարկած խիստ քայլերի առիթով իր դժգոհությունն է հայտնել նաև երկրի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Վերջինիս համոզմամբ` ընտրված պատգամավորները պետք է հեռանան միայն ընտրության միջոցով, այլապես սպանվում է ժողովրդավարությունը:

Աղմկահարույց ձերբակալություններից հետո այսօր Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում ԺԴԿ-ի կողմնակիցները բողոքի ցույցեր, երթեր ու նստացույցեր են անցկացրել: Որոշ տեղերում ոստիկանությունը կոշտ միջամտություն է ցուցաբերել՝ օգտագործելով արցունքաբեր գազ:

Դժգոհության ձայն են բարձրացրել նաև Եվրոպայում բնակվող քրդերը՝ բողոքի ցույցեր անցկացնելով մի շարք քաղաքներում՝ ի պաշտպանությունը կալանավորված պատգամավորների:

Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը հարուցել է նաև միջազգային հանրության անհանգստությունը: Եվրամիությունն ու Եվրախորհուրդը «խիստ մտահոգիչ» են որակում Թուրքիայում տեղի ունեցածը, իսկ ՄԱԿ-ն ահազանգում է՝ թուրքական իշխանությունները կարող են հատել թույլատրելիի սահմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG