Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով, նոյեմբերի 2-ին ժամը 22:15-ի սահմաններում երկու տղամարդ դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել են Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում՝ վերելակի մոտ կանգնած բնակչուհու դրամապանակը և պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով, ապա՝ դիմել փախուստի, ասված է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ «ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ»:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: