Մատչելիության հղումներ

Փորձագետները չեն հավատում բանակում կոռուպցիայի նվազման մասին պաշտոնական պնդումներին


Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելուց մեկ ամիս անց նրա ղեկավարած գերատեսչությունը հայտարարում է՝ զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանն» ասաց, որ խոսքն ընթացիկ տարվա մասին է։ Զինված ուժերում հանրային վերահսկողություն և ուսումնասիրություններ իրականացնող փորձագետները, մինչդեռ, պնդում են, որ այդ հայտարարությունը մերկապարանոց է։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է՝ պաշտոնական այդ հավաստիացումներին հավատալու հիմքեր չունի։ «Բնականաբար, նախընտրական շրջանում արված հայտարարություն է, թե լրջորեն աշխատում են: Միգուցե իսկապես լրջորեն աշխատում են, բայց ես հիմքեր չունեմ հավատալու, մանավանդ որ կոնկրետ փաստ այստեղ բերված չէ»,- ասաց Հոկտանյանը:

Բանակում դրական փոփոխությունների մասին հայտարարել է Ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ: Ավելին, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, շոշափելի արդյունքներ են գրանցվել բանակին հասցված նյութական վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:

Վարուժան Հոկտանյանը շեշտում է՝ այս պնդումները հիմնավորելու համար ռազմական գերատեսչությունը պետք է ավելի մանրամասն ներկայացներ կատարված աշխատանքները՝ հանրությանը պարզաբանելով, թե ինչպես, ի վերջո, լուծում ստացան մի շարք հարցեր, որոնց մասին ահազանգել է իրենց կազմակերպությունը։

Հակակոռուպցիոն կազմակերպության փորձագետները, մասնավորապես, հայտարարել էին ռազմական գերատեսչության բյուջեի մսխման մասին։ Ըստ ուսումնասիրության, օրինակ, ՊՆ-ում ռիսկային գնումներ են կատարվել․ նախարարությունն առանց մրցույթի նույն ընկերությունից և՛ շինարարական ծառայություններ է ստացել, և՛ գույք գնել։ «Եթե ասում ես մի բան, ուրեմն պետք է բերես կոնկրետ փաստեր։ Խոսքը ռիսկերի նվազեցման մասին է»,- ասում է Հոկտանյանը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար էլ կարևորը կոնկրետ գործն է, ինչը նա մինչ օրս չի տեսել։ «Ամեն օր, գոնե այս տարվա ընթացքում, մամուլը հեղեղված է եղել բանակում առկա կոռուպցիոն դեպքերի մասին։ Խոսելու փոխարեն գործ արեք, գործը կտեսնի հասարակությունը»,- ասում է Հարությունյանը և հավելում՝ ինքը ևս, ինչպես շատերը, առնչություն ունեն այս կառույցի հետ։ Մասնավորապես, զինված ուժերում ծառայող շատ զինվորների հարազատներ շարունակում են սնունդ և հագուստ ուղարկել բանակ, ասում է նա։

«Հենց այս պահին ծառայում է հարազատս, որին մի քանի անգամ արդեն հագուստ ենք ուղարկել։ Սահմանին առանց տաք հագուստի կանգնած է եղել։ Սա կոռուպցիա չի, սա գողություն է։ Սա ներքին օղակի մանր բան է, բայց երբ վերևները զեկույցներ են հրապարակում, ներքին օղակները սկսում են ոգևորվել»,- շարունակում է իրավապաշտպանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում բանակում տեղի է ունեցել սպանության 12, ինքնասպանության 5 դեպք։ Սա ավելի շատ է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Ըստ կազմակերպության՝ 2015-ին արձանագրվել էր սպանության 3, ինքնասպանության 5 դեպք։ Արձագանքելով ծանր հանցագործությունների նվազման մասին ՊՆ-ի հայտարարությանը՝ կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այդ հայտարարությունը «քարոզչական» որակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG