Չավուշօղլուի խոսքով, թուրքական կողմն այժմ ակտիվորեն հետաքննում է ռուսաստանցի օդաչուի մահվան հանգամանքները, իսկ զինվորականի սպանության պատասխանատվությունը ստանձնած սիրիացի զինյալը` Թուրքիայի քաղաքացի Ալփասլան Չելիքը, ձերբակալված է:
«Ալփասլան Չելիքը բանտում է: Նրան մի շարք հոդվածներով մեղադրանքեր են ներկայացվել: Չելիքը հաստատել է, որ (խոցված ՍՈՒ 24-ը պարաշուտով լքած) օդաչուին անձամբ է սպանել: Ճիշտ է, Չելիքի փաստաբաններն այժմ փորձում են հերքել նրա այդ հայտարությունը, բայց ամեն դեպքում, նախաքննությունը շարունակվում է, և մենք պատրաստ ենք դրան առնչվող բոլոր փաստաթղթերը փոխանցել ռուսական կողմին: Բացի այդ, ես փոխանցել եմ արտգործնախարար Լավրովին, որ Թուրքիան պատրաստ է նաև նյութական օժանդակություն ցուցաբերել զոհված սպայի ընտանիքին: Ավելին, ընտանիքի համաձայնության դեպքում ես պատրաստ էի անձամբ այցելել զոհված օդաչուի այրուն` ցավակցելու և հայցելու նրա ներողամտությունը», - պնդել է Թուրքիայի արտգործնախարարը:
Մևլութ Չավուշօղլուի այս հարցազրույցից, ի դեպ, պարզ է դառնում, որ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորման համար շրջադարձային է եղել Թուրքիայում հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձը: Չավուշօղլուն ակնարկում է, որ Ռուսաստանը անմիջական մասնակցություն է ունեցել հուլիսյան հեղաշրջման վերջնական ճնշման գործում․ - «Նախևառաջ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանին, պարոն Պուտինին և ռուսաստանցիներին: Մեզ համար շատ ծանր այդ օրերին Ռուսաստանն ապացուցեց, թե ով է Թուրքիայի իրական բարեկամը: Նախագահ Պուտինը մեզ լիակատար աջակցություն ցուցաբերեց նաև, ի թիվս այլնի, հետախուզական տվյալների փոխանակման առումով: Թուրք ժողովուրդը դա երբեք չի մոռանա»:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամից գրեթե մեկ տարի անց Անկարային և Մոսկվային հաջողվել է հաղթահարել տարաձայնությունների մեծ մասը: Իսկ դեռևս առկա հակասությունների մեծ մասը վերաբերում է Սիրայում ստեղծված կացությանը:
«Նախևառաջ մեր երկու պետությունները ջանքեր են գործադրում Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: Մեր միջև առկա տարաձայնությունների մեծ մասը առնչվում է Բաշար Ասադի հետագա ճակատագրին: Հրադադադարի հաստատումից հետո Սիրիայի միասնական ընդդիմությունը չի ցանկանա համագործակցել Ասադի հետ, ով պատասխանատու է 500 հազար մարդու մահվան համար: Մենք ևս չենք հավատում քաղաքական կարգավորման այն գործընթացին, որին կմասնակցի Ասադի վարչակազմը: Բայց եթե Ասադի վերաբերյալ կամ այլ հարցերում տարաձայնություններ կան, ապա դրանք քննարկվում են դիվանագետներից, հատուկ ծառայությունների աշխատակիցներից և զինվորականներից կազմված եռակողմ խմբերում: Բոլոր խնդրահարույց հարցերը քննարկվում են Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ», - նշել է Չավուշօղլուն:
Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ռուսաստանյան հեռուստաալիքի եթերում նաև նշել է, որ այս փուլում Անկարայի համար առաջնահերթ խնդիրը Մոսկվայի հետ հարաբերությունների նախաճգնժամային մակարդակին վերադառնալն է․ - «Նախևառաջ հարկ է նկատել, որ մեր հարաբերոություններում ութ ամիս շարունակված ճգնաժամի ընթացքում մենք Ռուսաստանի դեմ որևէ պատժամիջոց այդպես էլ չկիրառեցինք: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ պետությունն է, որը չի միացել հակառուսաստանյան պատժամիջոցներին: Բացի այդ, մենք պարզապես երջանիկ կլինենք, եթե ռուսաստանցի զբոսաշրջիկները վերադառնան Թուրքիա: Ինձ համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ես խորհրդարան եմ ընտրվել հենց Անթալիայից: Կարծում եմ, որ գալիք տարի Թուրքիա այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կբազմապատկվի: Ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամը ծագեց մեր կամքից անկախ, և այժմ մեզ հարկավոր է փոխադարձ քայլեր ձեռնարկել` հարաբերությունները կարգավորելու համար: Միմյանց սիրով վերաբերող երկու ժողովուրդների սերտ կապերը չպետք է խզվեն»: