Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանում քննարկում են նախագահի հանձնարարականը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման գործընթացի շուրջ:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երեկ խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

Նախագահը ոլորտը կարգավորելու նպատակով հանձնարարականներ էր տվել կառավարությանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել էր «Սեքյուրիթի դրիմ», «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Քաղաքապետարանի փոխանցմամբ, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով երեկ Սերժ Սարգսյանի արած առաջարկները, Մարգարյանը համապատասխան ոլորտների պատասխանատուներին այսօր հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որը «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումի հետ բանակցությունների միջոցով կքննարկի և կմշակի հնարավոր մեխանիզմներ, որի արդյունքում վերոնշյալ ընկերությունների գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը, կփոխանցվեն համայնքին:

«Հանրապետության նախագահի կողմից սահմանվել է 10-օրյա ժամկետ՝ օպերատորի հետ բանակցություններ վարելու և արդյունքները ներկայացնելու համար: Ըստ այդմ, հանձնարարում եմ ֆինանսական, իրավաբանական և տրանսպորտի ոլորտների պատասխանատուներին, աշխատանքային խմբի միջոցով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի հետ քննարկել համայնք-մասնավոր համագործակցության ձևաչափը փոխելու հնարավորությունները», - ասել է Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG