Մատչելիության հղումներ

ԿԳ նախարար. Ուսանողը, դասախոսը, տնօրենը չպետք է դառնան կուսակցական խնդիրները լուծելու գործիք


Ուսանողը, դասախոսը, դպրոցի տնօրենը չպետք է դառնան գործիք՝ քաղաքական, կուսակցական խնդիրները լուծելու համար, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

«Իհարկե ուսանողը, կամ դասախոսը կարող են լինել կուսակցության անդամ, կարող են ունենալ իրենց համոզումը, կամ տնօրենը, ես հասկանում եմ՝ գյուղական շրջանում ընտրությունների կազմակերպման ժամանակ մտավորականությունն իրենք են, պետք է մասնակից լինեն, բայց դա չպետք է դառնա գործիք՝ քաղաքական, կուսակցական խնդիրներ լուծելու համար։ Բարդ խնդիր է», - ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ իր նախարար լինելու ժամանակաշրջաններում փորձել է այս սկզբունքը հնարավորինս պահել։

Դիտարկմանը, թե կոռուպցիան կրթության ոլորտի անբաժան մասն է կազմում, և եթե բացահայտ ոչինչ չենք տեսնում, համենայն դեպս, ուսուցիչ-ծնող հանցավոր պայմանավորվածության մասին դեպքերը քիչ չեն, և հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք ցածր աշխատավարձն է պատճառը, նախարարը պատասխանեց. - «Եվ աշխատավարձով է պայմանավորված... Կրթական համակարգը, առողջապահության համակարգը մեր յուրաքանչյուրի տունը թակող համակարգեր են։ Մենք կրթական համակարգ երբ որ ասում ենք, հասկանում ենք 500 հազար մարդ։ Հիմա այդքան ծավալի մեջ, բնականաբար, երևույթները, որ Դուք ասում եք, կան, հատկապես եթե մենք վերցնում ենք, որ պրոբլեմներ են առաջանում երբեմն քաղաքականությունից՝ մեր կրթական քաղաքականությունից»։

«Օրինակ, ուսուցիչը և ծնողը դաշնակից են երեխային կրթելու հարցում, երկուսն էլ ուզում են, որ երեխան կրթություն ստանա, 12-րդ դասարանում ինչո՞ւ երկուսի մեջ խզում առաջացավ՝ որովհետև քանի որ 12-րդ դասարանի բովանդակությունը մենք ճիշտ չդրեցինք, չլցրեցինք, ծնողը սկսեց որոնել իր երեխային կրթություն տալու այլ ձև՝ ռեպետիտոր: Հիմա տեսեք՝ քանի որ այնտեղ պահանջվում է, որ 16 ժամ պարտադիր երեխան գնա դպրոց, առաջացավ կոռուպցիոն ռիսկ՝ ծնողը փորձում է այդ 16 ժամից ազատել իր երեխային, որպեսզի ուղարկել այնտեղ: Եթե ճիշտ քաղաքականություն անենք, որը փորձում ենք, այսինքն՝ բեռնաթափենք այդ 16 ժամը, կոռուպցիոն ռիսկը պակասում է», - նշեց նախարարը՝ շարունակելով․ - «Հիմա 4-րդ դասարանում քննությունների այդ ծանր համակարգը եթե հանես, բանավոր քննություններ մտցնես, 9-րդում բանավոր քննություններ անես թեստային, սրանք բոլորը նվազեցնում են: Բայց իհարկե հիմքը շատ ճիշտ Դուք նշեցիք՝ հիմքը նաև դրույքների, վարձավճարների, վարձատրության ձևաչափերն են»։

Հարցին, թե օրակարգում կա՞ աշխատավարձերի վերանայման հարց, Մկրտչյանը պատասխանեց. - «Օրակարգում կա նախ մեր եղած միջոցներն ավելի ռացիոնալ ծախսելու, ճիշտ ծախսելու խնդիրը, ավելի վերահսկելի, թափանցիկ դարձնելու խնդիրը, և եթե երկիրը հարստանա, իհարկե պետք է բարձրանա։ Բոլորն էլ հասկանում են, որ, ասենք, եթե Երևանի Պետական համալսարանի դոցենտի մաքուր աշխատավարձը 150 դրամ է, որ հարկերը հանվում են, դա շատ ցածր աշխատավարձ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG