Մատչելիության հղումներ

Ամերիկացիների համար թիվ մեկ արտաքին վտանգը «Իսլամական պետություն»-ն է


Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Հիլարի Քլինթոն
Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին, Հիլարի Քլինթոն

Հարցվածները չեն համակրում Պուտինին, բայց ԱՄՆ-ՌԴ համագործակցության կողմնակից են:

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պետք է միասին պայքարեն «Իսլամական պետության» դեմ

Մեկ շաբաթից այլևս հայտնի կլինի, թե ով է չորս տարով ստանձնում Ամերիկայի նախագահի պաշտոնը՝ հանրապետական Դոնալդ Թրա՞մփը, թե՞ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

Այս օրերին Միացյալ Նահանգներում անցկացվում են տարբեր հարցումներ՝ պարզելու համար ընտրողների նախասիրությունները, մտահոգությունները, այն հարցերը, որոնք, ըստ շարքային քաղաքացիների, նոր վարչակազմը պարտավոր է առաջնահերթություն համարել:

Ամերիկյան ավանդույթի համաձայն, մարդկանց նախևառաջ հետաքրքրում են ներքին տնտեսական և սոցիալական թեմաները: Իսկ ահա արտաքին ասպարեզում, ինչպես վկայում են Մերիլենդի համալսարանի հարցախույզի արդյունքները, ամերիկացիները հրատապ են համարում «Իսլամական պետության» դեմ պայքարը:

Հարցումն անցկացվել է 1528 ընտրողների շրջանում, պատասխանների անճշտության հավանականությունը հավասար է 2.5 տոկոսի:

Մերիլենդի համալսարանի սոցիոլոգների փոխանցմամբ, հարցվածների մեծ մասը ենթադրում է, որ Ամերիկան և Ռուսաստանը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները և միավորվեն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում:

«Ամենաչսիրված» լիդերների ցանկում՝ Թրամփ, Քլինթոն, Պուտին

Սա բնավ չի վկայում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդեպ համակրանքի մասին, ավելին՝ ամերիկացիները չեն սիրում Պուտինին, բայց սեփական ղեկավարներին էլ բնավ չեն խնայում:

Ահավասիկ, դեմոկրատ ընտրողները Պուտինին համարում են երկրի և աշխարհի ամենաչսիրված լիդերը, երկրորդը Դոնալդ Թրամփն է, երրորդը՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, չորրորդը՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը:

Իսկ ահա հանրապետականների ընկալումը՝ երկրի և աշխարհի ամենաչսիրված լիդերներից առաջինը գործող նախագահ Բարաք Օբաման է, երկրորդը՝ Հիլարի Քլինթոնը, երրորդը՝ Կիմ Չեն Ինը, և միայն չորրորդը՝ Վլադիմիր Պուտինը:

Սա էլ հենց Ռուսաստանի և Ամերիկայի տարբերությունն է

Թերևս դժվար է պատկերացնել, որ ռուսական մի լուրջ հաստատություն հիմա անցկացնի հարցում և պարզի, որ մարդիկ չեն սիրում Պուտինին: Այս գերտերությունների հիմնարար և սկզբունքային բազում տարբերություններից երկուսը հենց դրանք են՝ բարձրագույն ղեկավարի հասցեին տհաճ կարծիք հայտնելու ազատությունը և դրա համար չպատժվելու երաշխիքը:

Եվս մեկ ուշագրավ բացահայտում՝ հարցվածների երկու երրորդը համոզված է, որ Ամերիկայի և Ռուսաստանի համագործակցության մակարդակը ցանկալիից ցածր է:

Հարցվածների մեծ մասը չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները ռազմական եղանակով միջամտի Սիրիայի պատերազմին: Մերիլենդի սոցիոլոգները նշում են, որ ամերիկացիները, հավանաբար, ավելի շատ ուշադրություն են հատկացրել նախագահական ընտրարշավին, ինչի հետևանքով անտեսել են Բաշար ալ-Ասադի բանակի և ռուսական ուժերի կողմից Սիրիայում բնակելի թաղամասերի ռմբահարման և խաղաղ բնակիչների շրջանում մեծ կորուստների իրողությունը:

ԻՊ-ին հաղթելն Ասադի խնդրից կարևոր է

Ամերիկացիների մեծ մասը հստակ հակակրանք ունի Ասադի նկատմամբ, ով չսիրված լիդերների ցանկում վեցերորդն է, ամերիկացիները համոզված են, որ Սիրիան իշխանափոխության կարիք ունի:

Այնուամենայնիվ, հարցվածների 52 տոկոսը առաջհաներթություն է համարում «Իսլամական պետության» ոչնչացումը, և միայն 2 տոկոսի համար է առաջնահերթ Ասադի հեռացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG