Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարում է խորհրդարանական կառավարմանն անցնելու մտադրության մասին


Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում
Վրաստանի խորհրդարանի շենքը Թբիլիսիում

Չի բացառվում, որ արդեն առաջիկա ամիսներին Վրաստանը հետևի հայաստանյան օրինակին` հրաժարվելով նախագահի համաժողովրդական ընտրությունների անցկացման պրակտիկայից: Այս մասին իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներն սկսեցին ակտիվորեն խոսել վերջին երկու օրերին, երբ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո պարզ դարձավ, որ Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած քաղաքական այս ուժն առաջիկա տարիներին երկրի օրենսդիր մարմնում սահմանադրական մեծամասնություն է ունենալու:

Այդ փաստը «Վրացական երազանք»-ին հնարավորություն կտա նախագահի համաժողովրդական ընտրության մասին Սահմանադրության դրույթը վերացնել առանց հանրաքվեի: Ինչպես և Հայաստանի պարագայում, Վրաստանում ևս նախագահի ընտրություններից հրաժարվելն ու վերջնական անցումը խորհրդարանական կառավարմանը պատճառաբանում են եվրոպական փորձին հետևելու անհրաժեշտությամբ: Եթե Հայաստանում խոսքը իտալական մոդելի մասին էր, ապա «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները մատնանշում են Հյուսիսային Եվրոպայում գործող ընտրակարգը:

«Ես գերմանական մոդելի կողմնակից եմ, ինձ հենց գերմանական մոդելն է հրապուրիչ թվում: Քանի որ մենք աստիճանաբար մոտենում ենք խորհրդարանական հանրապետությանը, շատ ավելի գերադասելի կլինի, եթե երկրի նախագահին խորհրդարանը ընտրի», - հայտարարում էր «Վրացական երազանք»-ի պատգամավորներից մեկը` Իրակլի Սեսիաշվիլին:

Նրա թիմակից Դավիթ Խունդաձեի համոզմամբ, Վրաստանի քաղաքական համակարգի ապագան հենց լիարժեք խորհրդարանական հանրապետությունն է:

«Խորհրդարանը պետք է ավելի մեծ լիազորություններով օժտված լինի: Դրա հետ մեկտեղ, կառավարման խորհրդարանական մոդելի անցման մասին վերջնական որոշումը դեռ կայացված չէ: Այն կընդունվի, երբ մենք ունենանք ամբողջական պատկերը», - նշում էր պատգամավորը:

Ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները, սակայն, կտրականապես դեմ են այս գաղափարին: Նրանց համոզմամբ, «Վրացական երազանք»-ը փորձում է արմատական փոփոխությունների ենթարկել կառավարման համակարգը և հրաժարվել 1991 թվականից գործող նախագահի ընտրության համաժողովրդական կարգից` վախենալով հնարավոր պարտությունից:

«Վրացական երազանք»-ը նախագահական ընտրությունները որպես սպառնալիք է դիտարկում: Նրանք հասկանում են, որ 2018-ին հաղթանակի որևէ շանս չունեն, ուստի անում են ամեն ինչ, որպեսզի երկու տարի հետո նախագահի համաժողովրդական ընտրությունները պարզապես չկայանան», - «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում հայտարարում էր ընդդիմադիր Ազգային միացյալ շարժման ղեկավար անդամներից մեկը` Սերգո Ռատիանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG