Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ մեղադրվողների հարազատները նախագահի հետ հանդիպում են պահանջում


Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու համար մեղադրվող 3 քաղաքացու հարազատներն այսօր ցանկանում էին հանդիպել Սերժ Սարգսյանին ու տեղեկացնել, որ Արսեն Մկրտումյանին, Գագիկ Միքայելյանին և Սոսո Մարգարյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է։

«Եթե չկա մարդու մեղքը ապացուցող որևէ հանգամանք, մարդը անմեղ չի՞: Մատնահետքեր չկա, դատաբժշկական փորձաքննություն չկա», - տարակուսում էր ցուցարարներից մեկը:

Հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքը գրաված «Սասնա Ծռեր» զինված խմբին աջակցելու համար կազմակերպված ցույցերից մեկի ժամանակ, հուլիսի 20-ին, ըստ իրավապահների, տուժել է 46 ոստիկան։

3 մեղադրյալներից Սոսո Մարգարյանի ազգական Սոս Վարդանյանը զավեշտալի է համարում, որ 3 ցուցարար ի վիճակի են եղել վնասել 46 ոստիկանի․ - «Դե էդ 46 ոստիկանին հանեն, Սոսոյին ընդունեն գործի»:

Մյուս մեղադրյալի՝ Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն «Ազատությանը» պարզաբանեց․ տուժողները 46-ն են, բայց դեռ հստակ չէ, թե արդյոք իր պաշտպանյալն ու մյուս երկու երիտասարդն են դրանում մեղադրվում․ - «Կոնկրետ ում գործողությունների հետևանքով է ճանաչված, դա չի հստակեցված: Այսինքն պարզ չի դեռ մեզ մեղադրանքը»:

Հարազատներին հատկապես վրդովեցնում է, որ երեք մեղադրյալների հետ արգելված են տեսակցությունները։

Դժգոհում է Սոսո Մարգարյանի մայրը․ - «Մենակ ամսի 29-ին տեսել ենք դատի ժամանակ»:

Արա Ղարագյոզյանն անհիմն է համարում առաջադրված մեղադրանքը, քանի որ այն հիմնված է միայն ոստիկանների ցուցմունքների վրա։ Նոյեմբերի 4-ին կայանալիք առաջիկա դատական նիստին պատրաստվում է երկու միջնորդություն ներկայացնել․ - «Ես գրավի միջնորդություն եմ ներկայացրել: Եվ տեսակցությունների վրա արգելանքը հանել: Գոնե հուսանք, որ եթե գրավը չկիրառվի, էդ արգելանքը կհանվի»:

Նախագահի նստավայրի առաջ ցույց անող և հենց Սերժ Սարգսյանի հետ հանդիպում պահանջողներին ընդունեց նախագահի աշխատակազմի նամակների բաժնի ղեկավարը։ Սոսո Մարգարյանի հայրը՝ Իշխան Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենց լսեցին, սակայն որևէ պատասխան չստացան։

Մտադիր են վաղը ևս պաստառներով գալ նախագահի նստավայրի առջև բողոքի։

Քրեական օրենսգիրքը զանգվածային անկարգություններին մասնակցելու համար 3-8 տարի ազատազրկում է նախատեսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG