Մատչելիության հղումներ

«Հալեպը մարդ չի մնաց, կփախին բոլորն ալ պատերազմեն»


Հալեպահայ Նորմա Բաբայանը «Զվարթնոց» օդանավակայանում: 1-ը նոմեբերի, 2016 թ․
Հալեպահայ Նորմա Բաբայանը «Զվարթնոց» օդանավակայանում: 1-ը նոմեբերի, 2016 թ․

Սիրիական պատերազմից 5 տարի անց հալեպահայ Բաբայանների ընտանիքը լքեց Հալեպը՝ ճանապարհ բռնելով դեպի հայրենիք։ Առաջին անգամ ոտք դնելով Հայաստան՝ «Զվարթնոց» օդանավակայանում Նորմա Բաբայանը պատմում էր, թե ավերակների վերածված երբեմնի հարուստ ու բարգավաճ Հալեպում գրեթե մարդ չի մնացել։

Ճամպրուկները հավաքելու որոշումը ընտանիքը կայացրեց այն ժամանակ, երբ ամիսներ առաջ հրթիռակոծության հետևանքով այրվեց հարևան շենքը, 4 հայ զոհվեց։ Ասաց, որ իրենց տունը, որ գտնվում էր «Զվարթնոց» եկեղեցու հարևանությամբ, կիսաքանդ վիճակում են թողել:

1.5 տարեկան որդու և 7 տարեկան դստեր ծնողները պատմում են, որ հատկապես վերջին ամիսներին փողոց մեծ վախով էին դուրս գալիս։ Դպրոցահասակ աղջկան անգամ սկսել էին դպրոց չթողնել։

Կտրելով հազարավոր կիլոմետրեր՝ Բաբայանները դեռևս անորոշության մեջ են՝ անծանոթ Երևանում պարզ չէ, թե ինչքան կմնան և ինչով կզբաղվեն։ Ընտանիքի հայրը՝ Օհաննես Բաբայանը, ով անցյալ տարի վիրավորվել էր հրթիռակոծություններից մեկի ժամանակ և երկար ժամանակ բուժվել, ասում է, որ գումար ևս շատ չեն բերել։

Երկաթագործից մինչև արևելյան խոհանոցի վարպետ․ Օհաննեսն ինչով ասես չի փորձել զբաղվել ամեն օր հրթիռակոծվող ու ռմբակոծվող Հալեպում։ Հեռանալու որոշումը դժվարությամբ են կայացրել: Հալեպում են մնացել նրանց ծնողները։ Պարզ չէ, թե մեկ էլ երբ կտեսնվեն։

«Հալեպ» հայրենակցական միության շնորհիվ Հայաստան ժամանած Բաբայանների հետ միասին նույն ինքնաթիռով Հայաստան տեղափոխվեց Քուզյանների ընտանիքը։ Նրանց ազգականները վաղուց են լքել Հալեպը՝ բռնելով կա՛մ հայրենիքի, կա՛մ եվրոպական երկրների ճանապարհները։

Երբ հողին հավասարվեց Հակոբ Քուզյանի արհեստանոցը, ընտանիքը ևս որոշեց կողպել դռներն ու լքել հայրենի քաղաքը։ Նրա երկու որդիներից մեկը դպրոց, մյուսը համալսարան էր հաճախում։ Վերջին ամսիներին, սակայն, տնից հազվադեպ էին դուրս գալիս։

14-ամյա Հրագ Քուզյանը Հալեպի մասին արդեն անցյալով է խոսում՝ ստիպված էր հեռանալ ընկերներից ու շարունակել կյանքը իր համար դեռևս օտար հայրենիքում։

Մայրը՝ Ազատուհի Մինասյանը հավելում է, թե քանի դեռ Հալեպը պատերազմի մեջ է, հետդարձի ճանապարհ չկա․ - «Զավակներիս կյանքի ապահովության համար շատ վախենում էի: Միայն այս պատճառով»:

Սփյուռքի նախարարության տվյալներով, անցած մեկ ասում Սիրիայաից Հայաստան է եկել մոտ 70 սիրիահայ։ Ընդհանուր առմամբ, այս տարի Հայաստան է տեղափոխվել 500 սիրիահայ։

Պաշտոնական տվյալներով, անցած 5 տարիներին Հայաստան է տեղափոխվել 20 հազար սիրիահայ, ամբողջ Սիրիայում շարունակում է մնալ 14 հազար հայ, նրանց կեսը՝ Հալեպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG