Մատչելիության հղումներ

Gallup. Ո՛չ Քլինթոնի, ո՛չ Թրամփի ժողովրդականությունը բարձր չէ


ԱՄՆ - Նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը բարեգործական ընթրիքի ժամանակ, Նյու Յորք, 20-ը հոկտեմբերի, 2016թ․
ԱՄՆ - Նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը բարեգործական ընթրիքի ժամանակ, Նյու Յորք, 20-ը հոկտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների քվեարկությունից ընդամենը վեց օր առաջ ամերիկացիների զգալի մասը համոզված է` ոչ Հիլարի Քլինթոնը և ոչ էլ Դոնալդ Թրամփը օժտված չեն նախագահի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ բավարար որակներով ու կարողություններով: Սա են վկայում ամերիկյան ամենահեղինակավոր սոցիոլոգիական ծառայություններից մեկի` Gallup-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքները:

Երեկ հրապարակված տվյալների համաձայն՝ հարցված ամերիկացիների միայն 51 տոկոսն է վստահ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակի դեպքում ի վիճակի կլինի հաջողությամբ կատարել Սպիտակ տան ղեկավարին վերապահված բոլոր պարտականությունները:

Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի պարագայում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Ամերիկացիների երկու երրորդը համոզված է` Թրամփը օժտված չէ աշխարհի առաջատար պետություններից մեկը ղեկավարելու համար անհրաժեշտ մարդկային ու մասնագիտական որակներով:

«Ընտրողների կողմից Թրամփին տրված գնահատականը վատթարագույնն է նմանատիպ հարցումների անցկացման ամբողջ ընթացքում», - նշում են Gallup-ի մասնագետները` հիշեցնելով, որ նման հետազոտություններ սոցիոլոգիական ծառայությունը իրականացնում է 2000 թվականի նախագահական ընտրություններից ի վեր:

Ամերիկացի սոցիոլոգները, սակայն, նկատում են, որ Թրամփի մրցակցի` Հիլարի Քլինթոնի ժողովրդականության մակարդակը ևս առանձնապես բարձր չէ և վերջին 16 տարիների նախագահական ընտրություններին մասնակցած դեմոկրատ թեկնածուների շարքում ամենացածրն է:

Gallup-ի փորձագետների համոզմամբ, ի դեպ, Թրամփի նախագահական հավակնությունների ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտը նախընտրական պայքարի այն մեթոդներն են, որ ընտրել է հանրապետական թեկնածուն:

«Քաղաքական գործունեության փորձից զուրկ գործարարին բնորոշ քարոզարշավի մեթոդները ի վիճակի էին Թրամփի հաղթանակն ապահովել Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում` փրայմերիներում: Բայց թեկնածուի այս առանձնահատուկ ոճը կարող է հակառակ էֆեկտն ունենալ արդեն համապետական ընտրության ժամանակ՝ խանգարելով Թրամփին նոյեմբերի 8-ին կայանալիք քվեարկության ընթացքում հաջողության հասնել Հիլարի Քլինթոնի հանդեպ», - պնդում են Gallup սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության հեղինակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG