Մատչելիության հղումներ

Մինսկը «Բելավիա»-ի ինքնաթիռի հետ կապված սկանդալին առնչվող որոշ մանրամասներ է հրապարակել


Հարցազրույցով է հանդես եկել նաև այդ սկանդալի գլխավոր հերոսը՝ ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը:

Այսօր «Բելառուս Սեգոդնյա» պաշտոնական համարվող կայքը հրապարակել է հոկտեմբերի 21-ին Կիև-Մինսկ չվերթն իրականացնող` «Բելավիա» ավիաընկերության օդաչուների և ուկրաինացի դիսպետչերների խոսակցության սղագրության որոշ հատվածներ: Դրանով հաստատվում է, որ դիսպետչերը, օդանավի անձնակազմից պահանջելով վերադառնալ Կիևի օդանավակայան, սպառնացել է չենթարկվելու դեպքում օդ բարձրացել մարտական ինքնաթիռներ՝ օդանավի վերադարձը հարկադրելու համար:

Տարակուսած օդաչուներին դիսպետչերն ասել է, թե հրահանգը տրվել է ռազմական ղեկավարության կողմից, պատճառները եթերում չի կարող հրապարակել: Օդաչուների խցիկի ձայնագրող սարքերի գրառումները վկայում են, որ օդաչուներն անհանգստացել են, ենթադրելով, որ այդ հրահանգի պատճառը կարող է վտանգավոր ուղեբեռը, կամ ռազմական հակամարտությունը լինել: Սակայն, ինչպես պարզվել է ավելի ուշ, պատճառը ինքնաթիռի ուղևոր՝ Հայաստանի քաղաքացի Արմեն Մարտիրոսյանն է եղել:

Երբ օդանավը վերադարձել և վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում, Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները դուրս են հրավիրել նրան, ստուգել են վերջինիս ուղեբեռը, համակարգիչը, ձեռքի հեռախոսը և, ոչինչ չհայտնաբերելով, ազատ են արձակել: Մարտիրոսյանը հաջորդ իսկ չվեթով մեկնել է Մինսկ:

Այս միջադեպը բավական մեծ աղմուկ է առաջացրել: Հաջորդ օրը, հոկտեմբերի 22-ին, Բելառուսի արտգործնախարարություն է հրավիրվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը, ում Բելառուսը պաշտոնական բողոքի նոտա է փոխանացել, ակնկալելով ուկրաինական կողմի պաշտոնական ներողությունը, ինչպես նաև՝ ֆինանսական փոխհատուցում՝ բելառուսական ավիաընկերությանը պատճառված վնասների դիմաց: Մինսկը նաև Ուկրաինայում Բելառուսի դեսպանին է հանձնարարել նույնաբովանդակ նոտա ներկայացնել Ուկրաինայի արտգործնախարարությանը:

Այս միջադեպի առնչությամբ, Կիևում ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում պարզաբանում է ներկայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը: Նրա խոսքով, օդանավի վերադարձը պահանջել են՝ ելնելով այն տեղեկություններից, թե օդանավում օտարերկրացի կա, որը, հնարավոր է՝ սպառնալիք է ազգային անվտանգության համար:

Հոկտեմբերի 27-ին Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Դմիտրի Միրոչնիկն ասել է, թե միջադեպի կապակցությամբ ուկրաինական կողմից ոչ մի արձագանք չեն ստացել, և եթե այդպես շարունակվի, ապա ստիպված կլինեն լրացուցիչ քայլերի դիմել, ընդհուպ՝ օդաչուների և ուկրաինացի դիսպետչերների խոսակցության ողջ սղագրության հրապարակումը:

Ուկրաինական ռուսալեզու «Ստրանա» կայքը Արմեն Մարտիրոսյանի կենսագրության վերաբերյալ որոշ մանրամասներ է փոխանցում, ներկայացնելով նաև հարցազրույց վերջինիս հետ: Մինչև 2014-ը Մարտիրոսյանն ապրել է Ուկրաինայում, այժմ բնակվում է Մոսկվայում, «Քաղաքացիական միություն» հասարակական կազմակերպության նախագահն է:

Հարցազրույցում նա ասել է, որ անձնական գործերով Կիև էր մեկնել մի քանի ժամով, տեղյակ է, որ իր անունն ընդգրկված է ուկրաինական, այսպես կոչված, «սև ցուցակներում», բայց պնդում է, որ երբեք «հակամայդանական ակտիվիստ» չի եղել, ինչպես իրեն ներկայացնում են: Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ առաջին օրերից մինչև հիմա դեմ է «պետական հեղաշրջմանը», որը, նրա խոսքով, իրականացվեց «մայդան ապրանքանիշի տակ»:

«Ես մամուլի ասուլիսներ եմ տվել, քննարկումներ կազմակերպել, պարզաբանել եմ հեղաշրջման էությունը, ֆինանսավորման աղբյուրները, բայց ինձ չի կարելի «հակամայդանական» ակտիվիստ համարել»,- ասել նա: Արմեն Մարտիրոսյանն ասել է նաև, թե դիմելու է դատարան, անհրաժեշտության դեպքում անգամ՝ Եվրոպական դատարան՝ վիճարկելու իր հանդեպ ուկրաինական կողմի գործողությունների օրինականությունը:

Հարցին՝ ինչպես կբացատրեք տեղի ունեցածը, ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է՝ «դա կապված է այն բանի հետ, որ ես ակտիվորեն հանդես եմ գալիս Ուկրաինայի ներկայիս իշխանությունների դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG