Մատչելիության հղումներ

Բելգիայի Սենատի նախագահ․ Ճանաչումն ամբողջական կդառնա Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմամբ


ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահին, 1-ը նոյեմբերի, 2016 թ․

Այսօր Գալուստ Սահակյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի հաղորդմամբ, անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերություններին, ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ զարգացման մեծ ներուժ կա, սակայն, փոխշահավետ համագործակցությունը «դեռևս տեսանելի չէ բոլոր ոլորտներում»:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով 2016թ. մարտին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, ասել է՝ «Կիսելով ազատության և մարդու իրավունքների միևնույն արժեհամակարգը և մերժելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական գործողություն և մշտապես կանգնած ենք լինելու մեր բարեկամների կողքին»:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ և հույս հայտնել, որ Քրիստին Դըֆրենյի ջանքերի շնորհիվ Բելգիայի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, «քանի որ մեր օրերում ևս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգը»:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նա նշել է, որ դա ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի:

Այս համատեքստում Սահակյանը նշել է. «Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս հասցրեց բանակցությունների գործընթացին: Խնդրի խաղաղ կարգավորման գործում փոխվստահությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի նոր գործադրումը և նպաստավոր պայմաններ կստեղծեն խաղաղ բանակցությունների առաջ մղման համար»:

Ըստ ԱԺ տարածած հաղորդագրության, Բելգիայի Թագավորության Սենատի նախագահն, իր հերթին անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ հիշեցրել է, որ Բելգիան եվրոպական երկրների շարքում առաջիններից էր, որ 1998 թվականին Հայոց ցեղասպանությունը խստորեն դատապարտող և ճանաչող բանաձ և ընդունեց:

Խոսելով 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին` նա ասել է, թե դա ընդամենը մի քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին և հավելել, որ «այն ամբողջական կդառնա Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմամբ»: Նա հույս է հայտնել, որ իրենց շարունակական աշխատանքի շնորհիվ վերոնշյալ օրենքը կյանքի կկոչվի: Այս համատեքստում Քրիստին Դըֆրենյը ասել է. «Մենք պետք է ընդունենք ժխտումը դատապարտող օրենք, որպեսզի թույլ չտանք ժխտել Հայոց ցեղասպանությունը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ տիկին Դըֆրենյը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունըև նշել, որ Բելգիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցային ճանապարհով և պատրաստ է այդ հարցում ունենալ իր ներդրումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ կարվի հնարավորը՝ Հայաստանիև Բելգիայի միջև համագործակցության առավել սերտացման և ընդլայնման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG